Որևէ մեկի լեզուն չպտտվի տենց բան ասի՝ կոշտ միջոցներ կձեռնարկեմ. Նիկոլ Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին

Չեմ հանդուրժի, որ որևէ մեկի լեզուն պտտվի ու ասի բաներ, որոնք ուղղված են ՀՀ-ի դեմ. այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա անդրադարձավ լրագրողի այն հարցին, թե արդյոք Սամվել Կարապետյանի դեմ արշավը սկսվեց այն պահից սկսած, երբ նա եկեղեցու մասին արեց հայտարարություն, որ պաշտպանում է։

«Այդ հայտարարությունը եկեղեցու մասին չէր, այլ Հայաստանի Հանրապետության մասին էր։ Փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե ՀՀ-ում կարող են գալ ինչ-որ մարդիկ ինչ-որ տեղից ու, ինչպես նրանք են ասում, իրենց ձևերով ինչ-որ բան անել։ ՀՀ-ն ունի արձագանքի կոնկրետ լծակներ, ու ես չեմ հանդուրժի, որ որևէ մեկի լեզուն պտտվի ու նման բան ասի. ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է և յուրքանչյուր ոք ունի կարծիք արտահայտելու, հավաքներ անցկացնելու իրավունք, սակայն ՀՀ-ին որևէ մեկը սպառնալ չի կարող»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ որքան էլ ՀՀ-ն ժողովրդավար երկիր է, միևնույնն է ինքն ամենակոշտ ու կոպիտ միջոցները կձեռնարկի ցանկացած նման դեպքի ժամանակ։
Փաշինյանի խոսքով` Կարապետյանի հայտարարությունը որևէ կապ չունի ոչ եկեղեցու, ոչ էլ նրա շահերի հետ։

«Ես ուղիղ մեկ ամիս առաջ ուղիղ մեկ ամիս ժամկետով տվել էի կառավարության անդամներին հանձնարարական, որ ՀԷՑ–ի կողմից ժողովրդին հասցված վնասները պետք է վերականգնվի, որի մասին ես բազմիցս հրապարակային խոսել եմ։ Զարմանքով ու զայրույթով արձանագրեցի, որ ՀԷՑ–ը իր գործունեության արդյունքում ՀՀ–ում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել»,- ընդգծեց նա՝ հավելելով, թե այդ ամենն արվել և արվում է ՀՀ–ում ներքին հանրային դժգոհություն գեներացնելու համար։

Նա կարծքում է, որ Սամվել Կարապետյանի ակտիվացումը կապված է իր այդ հանձնարարականի հետ։

Նա տեղեկացրեց, որ ԱԺ–ում արդեն կա օրենքի նախագիծ ՀԷՑ-ն ազգայնացնելու մասին։

Տեսանյութեր

Լրահոս