
Թրամփը խորհրդակցություն է անցկացրել Իսրայել-Իրան հակամարտության շուրջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել Իսրայելի և Իրանի միջև արդեն վեց օր շարունակվող հակամարտության վերաբերյալ: Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։
Ըստ Reuters գործակալության՝ հանդիպումը տևել է 90 րոպե։ Խորհրդակցության մասնակիցները, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, հանդիպման ավարտից հետո լքել են Սպիտակ տունը։ Նրանք մամուլի համար հայտարարություններ չեն արել։
Թրամփն ինքը նույնպես դեռ չի մեկնաբանել հանդիպման արդյունքները։
Հանդիպումից առաջ ԱՄՆ երեք պաշտոնյաներ Axios-ին հայտնել էին, որ Թրամփը լրջորեն դիտարկում է Իսրայել-Իրան հակամարտությանը միանալու և ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին, մասնավորապես՝ Ֆորդոյում գտնվող ուրանի հարստացման ստորգետնյա օբյեկտին հարված հասցնելու հնարավորությունը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական ցանցում մի շարք կոշտ հայտարարություններ է արել Թեհրանի հասցեին։ Մասնավորապես, Թրամփը հավաստիացրել է, որ թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ և երկրի իշխանություններից «անվերապահ կապիտուլյացիա» է պահանջել։