
Միջուկային զենքի ստեղծման կողմնակիցները տեղ չունեն Իրանի քաղաքականության մեջ. Փեզեշքիան

Թեհրանի կողմից միջուկային զենքի ստեղծման կողմնակիցները տեղ չունեն Իրանի քաղաքականության մեջ:
Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խորհրդարանում ունեցած ելույթում։
«Մեր վարչակազմի քաղաքականությունը, ինչպես քանիցս դա մատնանշել է Գերագույն առաջնորդը, այն է, որ Իրանը չի ստանա միջուկային զենք և նույնիսկ չի ձգտի դրա ստեղծմանը։ Ցանկացած մեկը, ով այդ քաղաքականությանը չհամապատասխանող դիրքորոշում ունի, տեղ չունի Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականության մեջ», – Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը։
Իրանի նախագահը շեշտել է, որ երկիրն իրավունք ունի ստանալ միջուկային էներգիա և կատարել համապատասխան ուսումնասիրություններ՝ հասարակության զարգացման և բարեկեցության նպատակով, և ոչ ոք իրավունք չունի իրանցի ժողովրդին զրկել այդ անկապտելի իրավունքից։ Իրանի խորհրդարանի առանձին պատգամավորներ հանդես են եկել
Միջուկային զենքի չտարածման պայմանագրից Թեհրանի դուրս գալու օգտին: Մի շարք պարբերականներում տեղեկատվություն է հայտնվել, թե Իրանի մեջլիսն արդեն դիտարկում է նշված պայմանագրից դուրս գալու օրինագիծը, սակայն ավելի ուշ, ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության, Իրանի խորհրդարանը հերքել է այդ տեղեկատվությունը։
Իր հերթին, Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Միջուկային զենքի չտարածման պայմանագրի վերաբերյալ որոշումը կընդունեն իշխանության բարձրագույն մարմինները, սակայն Թեհրանը, միևնույն է, հավատարիմ է մնում չտարածման պարտավորություններին, ինչպես նաև կարծում է, որ Մերձավոր Արևելքում չպետք է միջուկային զենք լինի:
Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու շուրջ նման քննարկումները պատգամավորների շրջանում սկսվել են այն բանից հետո, երբ Իսրայելը լույս հունիսի 13-ի գիշերը հարվածներ հասցրեց Իրանին, մասնավորապես, երկրի միջուկային օբյեկտներին:Իրանի և Իսրայելի միջև փոխադարձ հարվածները դեռ շարունակվում են։