
Եթե խոսում են թոշակի և նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին, պետք է պարզել՝ ինչի հաշվին. նախարար
2026-28թթ․ ՀՀ-ում կբարձրանա՞ն արդյոք կենսաթոշակներն ու աշխատավարձերը՝ դեռ հայտնի չէ, կառավարությունը հարցը կքննարկի միայն հուլիսից հետո. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Հուլիս ամսից սկսած մենք քննարկելու ենք բոլոր գերատեսչութոյւնների հետ իրենց բյուջեները, ծախսերի կառուցվածքը, առանձին քաղաքականությունները, որոնք անարդյունավետ են, ռազմավարական առումով կարևոր չեն։ Այդ քննարկումների հետո նոր պարզ կլինի՝ մենք տեղ ունե՞նք աշխատավարձ բարձրացնելու, թոշակների բարձրացումը որքան և ինչ միջոցներով է տեղի ունենալու»,- ասաց Հովհաննիսյանը։
Մինչ այդ նա հղում արեց գործընկերոջ` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի` ԱԺ–ում արած վերջին հայտարարությանը, թե թոշակների բարձրացումը առաջիկայում տեղի է ունենալու անկանխիկ վճարումների վերադարձի միջոցով։ Վահե Հովհաննիսյանը միայն իր կողմից ավելացրեց, որ կառավարությունը 2026-28թթ–ի բյուջեի փաստաթղթի քննարկան ընթացքում կքննարկի նաև թոշակներից ծախսված անկանխիկ գումարների՝ գործող տոկոսների հնարավոր ավելացման հարցը։
«Քննարկում կլինի, թե տոկոսների փոփոխությունը ինչ չափով տեղի կունենա և ինչ ծախսերի հաշվին»,– ասաց նախարարը` հիշեցնելով, որ 2026-ից սկսած բյուջեի նախագիծը լինելու է եռամյա` կազմված մեկ տարվա բյուջեի և առաջիկա երկու տարվա բյուջեների հեռանկարների փաստաթղթերից։