
Հայ Առաքելական եկեղեցու դեմ մեկնարկած պրոցեսն ունի իշխանության բացահայտ հովանավորություն․ Արման Թաթոյան
Բոլորս գիտենք, որ եկեղեցին անջատ է պետութունից, դա արձանագրված է ՀՀ Սահմանադրության մեջ և սա պատահական դրույթ չէ, որ հայտնվել է մեր Սահմանադրության մեջ։ Հիմքում դարերով ձևավորված հայոց ինքնության հենասյուներն են․ «Պետության և եկեղեցու փոխհարաբերությունները. արդի հիմնախնդիրները» քննարկման ժամանակ հայտարարեց փաստաբան, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նա ավելացրեց, որ հազարամյակներ շարունակ բացառիկ նշանակություն են ունեցել աշխարհիկ և հոգևոր առաջնորդների փոխհարաբերությունները, որոնք ոչ միայն ձևավորել են հայոց ինքնության հոգևոր բաղադրիչները, այլև կարևոր նշանակություն են ունեցել իրավաքաղաքական համակարգի ձևավորման ժամանակ։
«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից սկսված է արշավ, որը կրում է համակարգված բնույթ, հստակ դերաբաշխումով ՝ իշխանության ներսում կոնկրետ պաշտոնյաների ու նրանց հարող առանձին անձանց միջոցով։ Սա նոր չի սկսվել։ Իմ նախկին կարգավիճակի բերումով, շատ լավ հիշում եմ, թե ինչպես էր սկսվում այս արշավը՝ մասնավորապես, Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Վեհարանի նկատմամբ ոտնձգություններով։
Մինչև 2020 թվականի պատերազմն արդեն իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձինք թիրախավորում էին Կաթողիկոսին։ Դա անում էին բացահայտ և մինչև այժմ մնացել են անպատիժ։ Ակնհայտ է, որ այս պրոցեսն ունեցել է վերևներից հովանավորություն»,-հավելեց նա։