Բաժիններ՝

Գրետա Թունբերգը և «Մադլին» զբոսանավի մյուս ակտիվիստները մեկնել են Իսրայելից

Շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը Իսրայելից հեռացել է Ֆրանսիա մեկնող չվերթով, որտեղից էլ կգնա Շվեդիա։ Գազայի հատված խորհրդանշական հումանիտար օգնություն տանող «Մադլին» նավը, որի տախտակամածին Թունբերգից բացի կային ևս 11 ակտիվիստներ, հունիսի 9-ին կալանվել էր Իսրայելի կողմից։

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը X սոցիալական հարթակում գրել է, որ Գրետա Թունբերգն արդեն հեռացել է իրենց երկրից՝ գրառմանը կից հրապարակելով լուսանկարներ օդանավից։

Մեկ այլ գրառման մեջ նախարարությունը հայտնել էր, որ «Մադլին» զբոսանավի ուղևորները ժամանել են «Բեն Գուրիոն» օդանավակայան՝ Իսրայելից իրենց հայրենի երկրներ վերադառնալու նպատակով։

Ըստ գերատեսչության՝ նրանք, ովքեր հրաժարվում են ստորագրել արտաքսման փաստաթղթերը և լքել Իսրայելը, Իսրայելի օրենսդրության համաձայն՝ կկանգնեն դատական ​​մարմնի առջև նրանց արտաքսումը թույլատրելու համար։Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն X-ում հայտնել է, որ երկրի հյուպատոսը կարողացել է տեսակցել ձերբակալված վեց ֆրանսիացիներին. նրանցից մեկը համաձայնել է կամավոր մեկնման, մյուս հինգը կարտաքսվեն։

Իսրայելի կողմից ձերբակալված Ֆրանսիայի քաղաքացիներից մեկը Եվրախորհրդարանի պատգամավոր Ռիմա Հասանն է։

Հունիսի 9-ին Իսրայելի ռազմածովային հրամանատարական ստորաբաժանումը վերահսկողություն էր հաստատել Գազայի ափ ուղևորվող «Մադլին» նավի նկատմամբ և այն վերաուղղորդել դեպի Իսրայելի ափեր:

Ըստ The Times of Israel-ի՝ «Մադլին» նավն իսրայելական ռազմածովային նավի ուղեկցությամբ երեկոյան ժամանել է Աշդոդի նավահանգիստ, իսկ նավի վրա գտնվող 12 ակտիվիստները բերման են ենթարկվել իշխանությունների կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս