
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի և Իրանի նկատմամբ՝ բալիստիկ հրթիռների վառելիքի բաղադրիչներ մատակարարելու համար

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի և Իրանի մի շարք անձանց և կազմակերպությունների նկատմամբ՝ իրանական բալիստիկ հրթիռների համար վառելիքի բաղադրիչներ մատակարարելուն նպաստելու համար։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը։
«Այսօր ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակն Իրանի և Չինաստանի վեց կազմակերպությունների և վեց անհատների նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անունից բալիստիկ հրթիռների վառելիքի բաղադրիչներ մատակարարելու ցանցում նրանց դերի համար», – նշվել է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ։
«Իրանի կողմից հրթիռների և այլ զենքերի կարողությունների ագրեսիվ զարգացումը վտանգում է Միացյալ Նահանգների և մեր գործընկերների անվտանգությունը», – ասել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը:
Մասնավորապես, պատժամիջոցները սահմանվել են Իրանում գործող Saman Tejarat Barman (STB) առևտրային ընկերության վրա, որը ԻՀՊԿ-ի անունից նատրիումի պերքլորատ էր գնել չինական Shenzhen Amor Logistics ընկերությունից, որը նույնպես ընդգրկվել է «սև ցուցակներում»։ Սահմանափակումներ են սահմանվել STB-ի հետ առնչվող վեց անձանց նկատմամբ։
Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Dongying Weiaien Chemical ՍՊԸ-ն, որը STB-ին մատակարարել է դիոկտիլսեբացինատ:
Պատժամիջոցների ցանկում են նաև չինական Yanling Chuanxing Chemical Plant General Partnership ընկերությունը, որը զբաղվում է նատրիումի քլորատի մատակարարումներով, և China Chlorate Tech Co Limited և Yanling Lingfeng Chlorate ընկերությունները, որոնք կապված են Yanling Chuanxing Chemical Plant General Partnership-ի հետ ֆինանսների և անձնակազմի ոլորտներում։
2025 թ. սկզբին արևմտյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ Իրանի իշխանությունները Չինաստանից գնել են 1000 տոննա նատրիումի պերքլորատ, որն անհրաժեշտ է հրթիռային զենքի պինդ վառելիք արտադրելու համար, և որ բեռը Իրան է ուղարկվել երկու նավով։