
Ավելի շատ զենք էր խնդրում, բայց հետո հանգստացավ․ Թրամփը՝ Զելենսկու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ Վատիկանում Վլադիմիր Զելենսկու հետ իր հանդիպումը լավ է անցել, նա «ավելի հանգիստ» էր, քան վաշինգտոնյան ձախողված բանակցությունների ժամանակ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 26-ին՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության օրը, Զելենսկին և Թրամփը Վատիկանում շատ կարճ զրույց են ունեցել: Զելենսկին, մեկնաբանելով Թրամփի հետ հանդիպումը, հայտարարել էր, որ շատ բան է հասցրել քննարկել ԱՄՆ նախագահի հետ և շնորհակալություն է հայտնել նրան:
«Կարծում եմ՝ հանդիպումը լավ անցավ։ Տեսնենք, թե ինչ կլինի հետո։ Տեսնում եմ, որ նա (Զելենսկին – խմբ.) ավելի է հանգստացել։ Կարծում եմ՝ նա հասկանում է իրավիճակը»,–Սպիտակ տան լրագրողներին ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ Զելենսկին Վատիկանում կայացած հանդիպման ժամանակ իրենից ավելի շատ զենք է խնդրել: Միևնույն ժամանակ, ԱՄՆ առաջնորդը նշել է, որ նախ ցանկանում է տեսնել խաղաղության հաստատմանն ուղղված Ռուսաստանի գործողությունները:
«Նա ինձ ասաց, որ իրեն ավելի շատ զենք է պետք, բայց նա դա արդեն երեք տարի է, ինչ ասում է։ Տեսնենք, թե ինչ կլինի։ Ուզում եմ տեսնել, թե Ռուսաստանն ինչ կանի»,– հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ «զարմացած և վրդովված է» Ուկրաինային Ռուսաստանի հարվածներից:
Բացի այդ, Թրամփը կարծիք է հայտնել, որ Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմը վերադարձնելու պահանջներից։ Նրա խոսքով՝ Ղրիմի թեման քննարկվել է միայն «հակիրճ»։
«Կարծում եմ՝ այո, Ղրիմը տեղի է ունեցել 12 տարի առաջ։ Նրանք այն առանց կրակոցի հանձնեցին։ Այնպես որ, ինձ Ղրիմի մասին մի ասեք: Հարցրեք Օբամային (ԱՄՆ այն ժամանակվա նախագահը-խմբ.)», – ասել է ԱՄՆ նախագահը՝ պատասխանելով Զելենսկու՝ Ղրիմից հրաժարվելու պատրաստակամության մասին հարցին։