Մենք պետք է ունենանք հզոր պետություն և կարողանանք պաշտպանել մեզ արտաքին ոտնձգություններից. Յուրի Սուվարյան

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յուրի Սուվարյանը կարծում է, որ Հայաստանի դեմ ցանկացած արտաքին ոտնձգություն կանխելու միակ գրավականն ուժեղ պետություն ունենալն է՝ ուժեղ տնտեսությամբ ու հզոր բանակով, իսկ հզոր պետություն ունենալու համար առաջնահերթ է գիտական նվաճումների հենքի վրա տնտեսությունը զարգացնելը։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում՝ Յուրի Սուվարյանը հիշեցրել է, որ, սկսած 19-րդ դարի վերջից, հայ ժողովուրդը տարբեր տարիների ենթարկվել է ցեղասպանությունների ու կոտորածների՝ շեշտելով, որ անհրաժեշտ է հասկանալ դրա պատճառներն ու քայլեր ձեռնարկել, որպեսզի նման երևույթները կանխվեն։

«Բնականաբար, մենք պետք է անպայման արձագանքենք ցեղասպանության երևույթին, որովհետև դա մեզ հետ սկսել է պատահել 19-րդ դարի վերջից՝ Աբդուլ Համիդի ժամանակներից և շարունակվել է մինչև վերջերս, մինչև Արցախի էթնիկ զտումը։ Մինչև 1915 թվականը եղել էր 1905 թվականին Բաքվում հայերի կոտարածը, իսկ 1915 թվականից հետո՝  1920 թվականին, Շուշիի ցեղասպանությունը։ Այնուհետև 1988 թվականին ղարաբաղյան շարժումից հետո եղան Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի հայերի կոտորածները»,- ասել է Սուվարյանը՝ շեշտելով, որ այդ ամենը ցեղասպանության էլեմենտներ են, որոնք եզրափակվել են Արցախի հայաթափմամբ։

Նրա խոսքով՝ հիմա մեզ պետք է հարց տանք՝ ինչո՞ւ են այդ երևույթները տեղի ունենում հայ ժողովրդի հետ, ի՞նչն է պատճառը և ինչպե՞ս է պետք կանխել նման երևույթները։

«Ես կարծում եմ, որ մեր հարևան ժողովուրդը, իսկ ես թուրքերին ու ադրբեջանցիներին նույն ժողովուրդն եմ համարում,  իրենց պատմությունն են կերտում մեր հաշվին, մեր պատմությունը կեղծելու հաշվին, մեր տարածքներն են գրավում իրենց պետությունը ընդլայնելու համար, մեր ռեսուրսներն են յուրացնում։ Ցեղասպանության պատճառը հենց դա է։ Նրանք իրենց պետությունն են ստեղծում մեր հաշվին։ Որպեսզի ասածս անհիմն չթվա, ասեմ, որ մինչև 1914 թվականը Թուրքիայում կրթական հաստատությունների 80 տոկոսը հայկական էին, արտադրական կազմակերպությունների 80 տոկոսը նույնպես հայկական էին, այդ երկրի կապիտալը, որ հիմնականում բանկերում էր կուտակված, մեծամասամբ հայկական էր։ Եվ ահա, կոտորելով հայ ժողովրդին և վտարելկով իրենց պատմական տարածքից, նրանք տիրացան ոչ միայն մեր տարածքին, տիրացան նաև մեր ունեցած հզոր արդյունաբերական, կրթական պոտենցիալին, և այդ ամենը շարունակվում է մինչև այսօր։

Մենք պետք է ունենանք հզոր պետություն՝ հզոր տնտեսությամբ, հզոր գիտությամբ և կարողանանք մեզ պաշտպանել արտաքին բոլոր ոտնձգություններից։ Կարող եմ բերել Իսրայելի օրինակը։  Իսրայելը գտնվում է ոչ բերակամական պետությունների հարևանությամբ, բայց նա իր հզոր տեխնոլոգիական զարգացմամբ, իր ստեղծած հզոր բանակով, իր ստեղծած մրցունակ տնտեսությամբ կարողանում է դիմակայալել։ Իհարկե, կա ԱՄՆ-ի հովանավորությունը, բայց հովանավորում են ուժեղին, թույլը, որպես կանոն, անտեր է մնում։ Եվ այս պատճառով մենք ոչ միայն պետք է հարգենք մեր ցեղասպանված ազգակիցների հիշատակը, այլ նաև դաս քաղենք մեր պատմությունից և կարողանանք ձեռնարկել միջոցառումներ, որպեսզի այդպիսի երևույթներ մեր պատմության ընթացքում այլևս տեղի չունենան»,- մանրամասնել է ակադեմիկոսը։

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ նման երևույթների կրկնությունը բացառելու Ճանապարհը հզոր պետություն ունենալն է։  «Հզոր պետություն ասելով, միջնադարից սկսած, միշտ էլ հասկացել են՝ հզոր է այն պետությունը, որն ունի հզոր  տնտեսություն և հզոր բանակ։ Հզոր պետություն ունենալու համար պետք է կարողանանք գիտության նվաճումները ներդնել տնտեսության մեջ, ի վերջո 21-րդ դարն է, մենք պետք է կարողանանք գիտության նվաճումների օգտագործման հենքի վրա ստեղծել ամուր, կայուն, ժամանակակից տնտեսություն, այդ թվում՝ ռազմարդյունաբերական համալիր, և կարողանանք մեր բանակը զինել գերազանցապես մեր միջոցների հաշվին, ոչ թե անընդհատ սրանից-նրանից զենք խնդրենք»,- ասել է Սուվարյանը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ որոշակի քայլեր հիմա տեսնում է, սակայն հարկավոր է ավելի կտրուկ քայլերի գնալ։

Ակադեմիկոսը նկատել է, որ այսօր Հայաստանի տնտձեսությունն ավելի շատ ունի ծառայությունների զարգացած ոլորտ, երկրի ՀՆԱ-ի ծավալում ծառայությունների ոլորտը 60 տոկոս է կազմում, գիտատար արտադրանքը չնչին է՝ մոտ 5 տոկոս։ «Պետք է հակառակը լինի, վիճակը պետք է փոխվի, և, ըստ այդմ, մրցունակ տնտեսություն և բանակ ունենանք»։

Տեսանյութեր

Լրահոս