Եթե Ձեր կարծիքով՝ ինձ հուշում են՝ ինչ վերնագիր դնեմ, ուրեմն Ձեզ էլ հուշում են՝ ինչպես վարել նիստը. «Yereva.Today»-ի լրագրողը՝ դատավորին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Սարգիս Պետրոսյանը Yerevan today կայքի լրագրողին հեռացրեց դատական նիստերի դահլիճից:

Նիստի ընթացքում դատավորը հետաքրքրվեց՝ Yerevan today-ից լրագրող ունե՞նք, երբ դրական պատասխան ստացավ ասաց. «Քեզ ամեն անգամ վերնագրեր դնելուց հուշո՞ւմ են: Հուշո՞ւմ են՝ ոնց վերնագրեր դնես»:

Լրագրողը պատասխանեց. «Կարծում եք՝ մենք ձեզ նման չենք կարողանո՞ւմ ինքնուրույն աշխատել»:

Դատավորը հարցրեց՝ այսի՞նքն:

«Այսինքն, եթե դուք ինձ մեղադրում եք նրանում, որ ինձ հուշում են վերնագրեր դնելուց, ես նույն կարծիքը կարող եմ ունենալ Ձեր մասին՝ մտածելով, որ Ձեզ հուշում են՝ ինչպես նիստ վարել»,- պատասխանեց լրագրողը:

Ինչին ի պատասխան դատավոր Պետրոսյանն ասաց. «Դո՛ւրս գնացեք դատարանից»:

Փաստաբան Արամ Վարդևանյանի հարցին՝ ինչի՞ մասին էր այս ամենը, դատավորն ասաց. «Բան ունեք ասելու, ասեք, թե չէ ստացվում է պատի տակ խոսել, բացարկ եք հայտնում, չեք պնդում: Ամեն անգամ ընդգծելը նախկին ՔՊ-ական, նախկին ՔՊ-ական, ի՞նչ եք ուզում ասել»:

Տեսանյութեր

Լրահոս