
Իմանալով հաղթանակի արժեքը՝ Հայաստանում խնամքով են վերաբերվում Հայրենական մեծ պատերազմի պատմությանը. Ալեն Սիմոնյանը՝ Սանկտ Պետերբուրգում

Հայաստանում գիտեն հաղթանակի արժեքը և խնամքով են վերաբերվում Հայրենական մեծ պատերազմի պատմությանը։ Այս մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նիստում:
Ինչպես նշել է խորհրդարանի խոսնակը, Երկրորդ համաշխարհային պատերազմն անջնջելի հետք է թողել մարդկության պատմության մեջ՝ հանգեցնելով ոչ միայն ավերածությունների, այլև մարդկային հսկայական կորուստների, բարոյական վերքերի, որոնք զգացվում են մինչ օրս:
Սիմոնյանը հիշեցրել է ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում հայ ժողովրդի նշանակալի դերի մասին։ Ավելի քան կես միլիոն հայեր կռվել են Խորհրդային բանակի կազմում, բոլոր ճակատներում՝ Կովկասից մինչև Եվրոպա։
«Հայ մարտիկները ցուցաբերեցին անհավանական խիզախություն, աչքի ընկան Բրեստի ամրոցի և Սևաստոպոլի պաշտպանության ժամանակ, Մոսկվայի և Լենինգրադի մատույցներում, հերոսաբար պաշտպանեցին Ստալինգրադը և Հյուսիսային Կովկասը, ազատագրեցին հարավարևելյան և կենտրոնական Եվրոպայի երկրները, հայկական ազգային դիվիզիաների կազմում գրոհեցին Բեռլինը։ Շատ հայրենակիցներ կռվեցին դաշնակից երկրների բանակներում և մասնակցեցին հակաֆաշիստական պայքարին»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը։
Սիմոնյանը հիշեցրել է, որ սփյուռքի և Հայ եկեղեցու հանգանակած միջոցներով ձևավորվել են տանկային շարասյուն, ինքնաթիռների էսկադրիլիաներ, ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և զինամթերք։ Դրա հետ մեկտեղ, մոտ 300 հազար հայեր չվերադարձան իրենց տները։
«Հայրենական մեծ պատերազմի և հաղթանակի հիշատակը մեր ընդհանուր պատմության մի մասն է։ Իմանալով հաղթանակի արժեքը՝ Հայաստանում խնամքով են վերաբերվում Հայրենական մեծ պատերազմի պատմությանը։ Այսօր Հայաստանում պետական պաշտպանության ներքո են գտնվում պատերազմի մասնակիցների ավելի քան 600 հուշարձաններ։ Մեր պարտքն է հիշել և հարգել նրանց սխրանքը, ովքեր իրենց կյանքը տվել են հանուն այդ հաղթանակի»,- հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահը:
Հայաստանի խորհրդարանի ղեկավարի կարծիքով՝ ԱՊՀ ՄԽՎ նիստը ոչ միայն առիթ է ըստ արժանվույն գնահատելու Հաղթանակի 80-ամյակը, այլև հիշեցնելու պատերազմի՝ որպես մարդկության համար աղետալի հետևանքներ ունեցող երևույթի մասին: Այսպես, վերջին տարիներին տեղի են ունենում իրադարձություններ, որոնք փոխել են միջազգային հարաբերությունների առկա մեխանիզմներն ու կարծրատիպերը։ Նա նշել է, որ վերջին տասնամյակների հակամարտություններն ունեցել են հետևանքներ, որոնք դուրս են գալիս այդ երկրներում և տարածաշրջաններում անմիջականորեն ներգրավվածների շրջանակներից:
Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը մշտապես հանդես է գալիս բոլոր տեսակի էսկալացիաների դեմ և վերահաստատում է դիրքորոշումը ռազմական գործողությունների դադարեցման, քաղաքացիական բնակչության վրա հարձակում թույլ չտալու և խնդիրները քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորելու մասով:
Նշենք, որ ապրիլի 17-18-ը Սանկտ Պետերբուրգում ընթանում է ԱՊՀ ՄԽՎ 58-րդ լիագումար նիստը: