
Տպավորություն է, որ Միքայել սրբազանն ինչ-որ մեկի խնդրանքն է կատարում, փորձում են ՀՀԿ-ին հանել Եկեղեցու դեմ, բայց դա չի ստացվելու. Արտակ Զաքարյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում, որի հյուրն էր Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, անդրադարձ կատարվեց նաև Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կողմից ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին և նրա ղեկավարած Հայաստանի հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ) տրված գնահատականներին ու Սրբազանի կատարած հայտարարություններին:
«Ամենայն հարգանքով Միքայել սրբազանի ու Հայ Առաքելական եկեղեցում նրա ծառայության հանդեպ, Միքայել սրբազանի թե՛ հոգևոր, թե՛ աշխարհիկ խոսքը, իհարկե, շատ կարևոր է։ Եկեղեցին հաճախ է պետության գործառույթ կատարել մեր ժողովրդի համար, եղել սնուցողն ազգային արժեքների, և այսօր էլ համարենք, որ նույն իրավիճակն է, բայց երբ մտնում են քաղաքական խորխորատներ, անում հայտարարություններ, որոնք ճշմարտության հետ աղերսներ չունեն, ու իրենք էլ գիտեն այդ մասին, ապա այդ ամենին արձագանք պետք է լինի։ Մեր հարգարժան սրբազանը սխալ ճանապարհով է գնում, եթե իր արած հայտարարությունները համարում է իր համոզմունքը։
Տպավորություն է, որ ինչ-որ մեկի խնդրանքն է կատարում, փորձում է ՀՀԿ-ին հանել Եկեղեցու դեմ, բայց դա չի ստացվելու, քանի որ Հայ Առաքելական եկեղեցու հետ մեր հարաբերությունները նաև մեր ծրագրային մաս են։ Այդ շրջանակները շատ վատ ծառայություն են մատուցում նաև մեր Եկեղեցուն։ Հույս ունեմ, որ սա մի էպիզոդ էր, որը կանցնի ու շարունակություն չի ունենա։ Մենք բաց ենք, 35 տարի ՀՀԿ-ն եղել է քննադատությունների թիրախում, հաշվի նստել բազմաթիվ առողջ քննադատությունների հետ, բայց երբեք ու երբեք մեզ համար ընդունելի չեն եղել կեղծ, մանիպուլյատիվ բնույթի պնդումները»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Վերջինս նշեց՝ ինքը չգիտի՝ որպես անձ՝ Միքայել սրբազանն ի՞նչ ունի ՀՀԿ-ի դեմ, բայց իրենք չենք կարող հաշտ լինել զրպարտության ու կեղծիքի հետ, ուզում է դա ասի զինվորական, դիվանագետ, թե մեկ այլ մարդ։
«Հենց կեղծիքն է բոլորիս հասցրել այսօրվա մեր վիճակին։ Մեր էն ժամանակվա սխալն էր, որ զրպարտություններին, կեղծիքին, սուտ մանիպուլյացիաներին լուրջ չենք վերաբերվել, հաճախ չենք հակադարձել, անտեսել ենք։ Դրա համար հասարակությունը հավատաց «բանակում սոլյարկա չկար, զինվորը սոված էր, բիզնեսը 50/50 էր, կարմիր գծերը սրանն է, նրանն է» ու նման հիմարություններին, հիմա էլ ասում են՝ դուք եք բերել Նիկոլին ու դուք եք պահում։ Նման կեղծիքների տարածումը թույլ չենք տալու: Նման դրսևորումներով նեոնիկոլիզմն է հասունանում մեր երկրում, նոր նիկոլիզմ, որը չպետք է թույլ տանք»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: