
Թուրքիայի ԿԲ կորուստները Իմամօղլուի կալանավորումից հետո կարող են գերազանցել 45 մլրդ դոլարը. Sözcü

Թուրքիայի Կենտրոնական բանկի կորուստները մարտի 19-ին Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո՝ կոռուպցիայի եւ ահաբեկիչների հետ կապերի մեղադրանքով, կարող են գերազանցել 45 միլիարդ դոլարը, գրել է Sözcü թերթը տնտեսական վերլուծությունում։
Նրա տվյալներով՝ մարտի 19-ից ԿԲ պահուստները ապրիլի 7-ի դրությամբ նվազել են 43 մլրդ դոլարով եւ ապրիլի 8-ի մնացորդը հաշվարկելուց հետո կարող են ավելի քան 2 մլրդ դոլարով բարձր լինել։ Միայն ապրիլի 4-ին՝ մահմեդական Ռամադան տոնի կապակցությամբ Թուրքիայում մեկշաբաթյա արձակուրդի վերջին օրը, Կենտրոնական բանկի պահուստներից վաճառվել է 7,3 մլրդ դոլար, նշել է պարբերականը։ Թուրքիայի Կենտրոնական բանկի պահուստները ապրիլի 7-ի դրությամբ կազմել են 25 մլրդ դոլար։
Sözcü-ն նաեւ գրել է, որ ոչ ռեզիդենտները վերջին երկու շաբաթվա ընթացքում Թուրքիայից դուրս են բերել մոտ 10,5 իարդ դոլար։ «[ԿԲ] պահուստների հետագա կրճատումը ցույց կտա, որ շուկաներում տիրող խուճապը չի հաղթահարվել, ինչն իր հերթին կնշանակի, որ տնտեսական իշխանություններին դժվար ժամանակներ են սպասվում»,- նշել է թերթը։
Նրա տեղեկացմամբ՝ Իմամօղլուի ձերբակալությունից հետո երեք շաբաթվա ընթացքում Թուրքիան սպառել է 2024թ. սեպտեմբերից կուտակված Կենտրոնական բանկի բոլոր պահուստները։ Sözcü-ն չի բացառում, որ շուկաներում զարգացող իրավիճակը կարող է դրդել Թուրքիայի Կենտրոնական բանկին վերանայել իր քաղաքականությունը հիմնական տոկոսադրույքի բարձրացման ուղղությամբ։ ԿԲ նիստը, որը կորոշի դրույքաչափը, նշանակված է ապրիլի 17-ին, մարտին այն նվազեցվել է մինչեւ 42,5 տոկոս՝ մեկ ամիս առաջվա 45 տոկոսի դիմաց։