Բաժիններ՝

Նեթանյահուն հույս ունի Թրամփի միջնորդությամբ խուսափել Թուրքիայի հետ հակամարտությունից

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հետ Վաշինգտոնում քննարկել է Թուրքիայի հետ հակամարտությունը կանխելու միջոցները՝ Դոնալդ Թրամփին անվանելով իդեալական միջնորդ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

«Մենք չենք ցանկանում, որ Սիրիան օգտագործվի ինչ-որ մեկի, այդ թվում՝ Թուրքիայի կողմից որպես Իսրայելի վրա հարձակվելու հենակետ», – ասել է Նեթանյահուն։

Նա հավելել է, որ Թուրքիան լավ հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ, և որ իրենք Թրամփի հետ քննարկել են, թե Իսրայելն ինչպես կարող է խուսափել Թուրքիայի հետ հակամարտությունից։ Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Դոնալդ Թրամփի լավ հարաբերություններին՝ Նեթանյահուն նշել է, որ ԱՄՆ նախագահը կարող է իդեալական միջնորդ լինել Անկարայի և Թել Ավիվի միջև հակամարտության սրումից խուսափելու համար։

Թրամփն իր հերթին նշել է, որ Նեթանյահուին հորդորել է «լինել ողջամիտ» Թուրքիայի հետ ունեցած ցանկացած վեճի առնչությամբ, և շեշտել է Էրդողանի հետ իր լավ հարաբերությունները։«Ցանկացած խնդիր, որ դուք ունեք Թուրքիայի հետ, ես կարծում եմ, որ կարող եմ լուծել: Նկատի ունեմ, քանի դեռ դուք ողջամիտ եք, դուք պետք է ողջամիտ լինեք: Մենք պետք է ողջամիտ լինենք», – Օվալաձև աշխատասենյակում Նեթանյահուին ասել է Թրամփը:

«Բիբի, եթե դուք Թուրքիայի հետ խնդիր ունեք, ես իսկապես կարծում եմ, որ կկարողանաք լուծել դա: Գիտեք, ես շատ լավ հարաբերություններ ունեմ Թուրքիայի և նրանց առաջնորդի հետ, և կարծում եմ, որ մենք կկարողանանք լուծել դա: Ուստի հուսով եմ, որ դա խնդիր չի լինի: Չեմ կարծում, որ դա խնդիր կլինի», – ավելացրել է նա՝ Նեթանյահուին դիմելով մականունով:

Թրամփը նշել է, որ «հիանալի հարաբերություններ ունի» Էրդողանի հետ` ավելացնելով, որ «նա կոշտ և շատ խելացի է և արել է մի բան, որը ոչ ոք չի կարողացել անել»՝ նկատի ունենալով իր նախկին մեկնաբանությունները, ըստ որոնց, իր կարծիքով, Թուրքիան էր կազմակերպել  2024 թ. դեկտեմբերին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումը։ 

Թուրքիան խստորեն քննադատել է Իսրայելին 2023 թվականից ի վեր Գազայում ռազմական գործողությունների համար, դրանք անվանել է պաղեստինցիների դեմ ցեղասպանություն, դիմել Համաշխարհային դատարան Իսրայելի դեմ գործին միանալու համար և դադարեցրել երկրի հետ ողջ առևտուրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս