Սարիկի ո՞ր խոսքին հավատամ. մի քանի ժամից կտեսնենք՝ Սարիկն իրավունք ունի խոսելու թե՞ ոչ. Ղարաղազարյան

Քվեարկել եմ հանուն արդարության, հանուն Գյումրիի, հանուն մեր՝ ընդդիմության, հաղթանակի: Այս մասին քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Գյումրու քաղաքապետի թեկնածու Արտյոմ Ղարաղազարյանը:

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորում ցածր մասնակցությունը, քաղաքապետի թեկնածուն ասաց. «Ժողովուրդը հիասթափված է, 30 տարի է, հները խաբեցին, այս յոթ տարի էլ, ավելի բեթար Սարիկն ու իր թիմակիցները՝ իրենց քաղաքական ղեկավարով»:

Ինչ վերաբերում է ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանի հայտարարությանը, թե գյումրեցիները գումար են տվել, որ իրենց զավակները չծառայեն Արցախում, որովհետև վատ տեղ էր, նա ասաց. «Սարիկի ո՞ր խոսքին եք հավատում, նա անձամբ իմ անունի մասին սուտ խոսեց, մնացածի մասին ինչպե՞ս կարող է ճիշտ ասել: Ընտրություններին մի քանի ժամ է մնացել, դրանից հետո կտեսնեք՝ Սարիկն իրավունք ունի դրա մասին խոսելու, թե՝ չէ»:

Դիտարկմանը Սարիկ Մինասյանը վստահ է, որ հաղթելու է, նա ասաց՝ կապրենք կտեսնենք:

Ինչ վերաբերում է ընդդիմության միավորմանը, նա ասաց. «Ես մեկնաբանություններ չեմ անելու ոչ մեկի արտահայտությունների հետ կապված, ինչ մնում է միավորվելուն, երբ արդյունքները կտեսնենք, ովքեր են շեմն անցել, նոր կխոսենք այդ մասին: Մենք ամենառաջինն ենք դրա մասին խոսել, որ ուշադիր լինեիք, ասել ենք՝ մենք չենք խփելու ընդդիմության ոչ մի թեկնածուի, չենք խանգարելու, որ կարողանանք կառուցողական բանակցություն վարել մեկս մյուսի հետ»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս