
Իսրայելը հարվածել է Բեյրութի արվարձանում «Հեզբոլլահ»-ի ԱԹՍ-ների պահեստին

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հարված է հասցրել Բեյրութի հարավային Դահիե արվարձանի Հադաս շրջանում գտնվող «Հեզբոլլահ»-ի անօդաչու թռչող սարքերի պահեստին։ Այս մասին ԻՊԲ-ն հաղորդագրություն է տարածել Telegram-ում։
Այն բանից հետո, երբ Իսրայելը Բեյրութի հարավային արվարձանի բնակիչներին նախազգուշացրել է հարվածի մասին և հրահանգել տարհանվել, ԻՊԲ-ն հրթիռային հարձակում է իրականացրել՝ թիրախավորելով Դահիեում գտնվող շենքը:
«Հարձակում է տեղի ունեցել ենթակառուցվածքի վրա, որն օգտագործվում էր «Հեզբոլլահ» կազմակերպության 127-րդ օդային ստորաբաժանման կողմից անօդաչու թռչող սարքերի պահեստավորման համար», – նշվել է ԻՊԲ-ի հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ «Հեզբոլլահ»-ն իր ահաբեկչական ենթակառուցվածքը տեղադրել է հենց քաղաքացիական շրջանի կենտրոնում, ինչը «Հեզբոլլահ»-ի կողմից խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելու ևս մեկ օրինակ է։
Բացի այդ, ԻՊԲ-ն «Հեզբոլլահ»-ին մեղադրել է Վերին Գալիլեայի շրջանի ուղղությամբ մարտի 28-ի առավոտյան հրթիռներ արձակելու մեջ, ինչն իսրայելական կողմը համարում է Իսրայելի և Լիբանանի միջև կրակի դադարեցման համաձայնության բացահայտ խախտում և ուղղակի սպառնալիք Իսրայելի քաղաքացիների համար։
«Լիբանանը պատասխանատվություն է կրում կրակի դադարեցման համաձայնագրի պահպանման համար: Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի աշխատել Իսրայել պետությանը սպառնացող ցանկացած սպառնալիք վերացնելու ուղղությամբ», – նշվել է հայտարարության մեջ:
«Հեզբոլլահ»-ն իր հերթին հերքել է Իսրայելի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեղադրանքը։
2023 թ. հոկտեմբերից, Գազայի հատվածում ռազմական գործողություններին զուգահեռ, «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև սկսվել էր սահմանային առճակատում, որը 2024 թ. սեպտեմբերի 23-ից վերաճել էր լայնամասշտաբ պատերազմի, որի հետևանքով Լիբանանում զոհվել էր ավելի քան 4000 մարդ, 17 000 մարդ՝ վիրավորվել։ Չնայած 2024 թ. նոյեմբերի 27-ին ուժի մեջ մտած հրադադարի մասին համաձայնագրին, շարունակվում են փոխադարձ մեղադրանքները հրադադարը խախտելու վերաբերյալ։
Նոյեմբերի 27-ին հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո սա առաջին դեպքն է, երբ Իսրայելն ավիահարված է հասցրել Բեյրութի արվարձանին: