
«Էլվինա Մակարյան տրիբյուտ». Երևանում երգչուհուն նվիրված համերգ կանցկացվի

Հայ երգարվեստի կարկառուն ներկայացուցիչ Էլվինա Մակարյանը, որ երգում էր հոգու ավերակների, կարոտի, մենության ու սիրո մասին, հիշվում է մինչ օրս։
«Էլվինա Մակարյան տրիբյուտ» խորագրով համերգին, որը տեղի կունենա մարտի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, կհնչեն սիրված երգչուհու լավագույն երգերը Սրբուկի, Իլոնա Սագիյանի, Սեդա Սեյրանյանի և Անահիտ Շահբազյանի կատարմամբ, Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, գեղարվեստական ղեկավար՝ Երվանդ Երզնկյան։
Մակարյանն իր ստեղծագործական կարիերայի ընթացքում նվաճել է համընդհանուր ճանաչում իր տպավորիչ ձայնով, կատարողական վարպետությամբ ու հմայքով։ Նրա երգերը մինչ օրս համարվում են սիրված հիթեր ու մշտապես լսարանի ուշադրության կենտրոնում են։
Այն, ինչ Էլվինա Մակարյանը բերել է հայկական երաժշտություն՝ թե՛ իր յուրօրինակ ոճով, թե՛ ստեղծագործական մոտեցմամբ, թողել է անգնահատելի հետք մեր երաժշտության պատմության մեջ։ Էլվինա Մակարյանին համարում էին հայկական Էդիտ Պիաֆ՝ փոքրահասակ, հզոր ձայնով, ուժեղ էներգիայով: