
Թուրքիայի հետ բարձր մակարդակի երկխոսությունը շարունակվում է․ ԱԳ նախարար

Տարածաշրջանում անվտանգություն կառուցելու և համագործակցություն խթանելու նպատակով Հայաստանը հավասարապես հանձնառու է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Բրազիլիայի Ռիո Բրանկոյի դիվանագիտական ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ։
Միրզոյանի խոսքով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանը համարում է վճռորոշ տարածաշրջանային խաղաղության և երկարաժամկետ կայունության համար։
«Որոշակի շոշափելի առաջընթաց արդեն գրանցվել է ուղիղ թռիչքների հաստատմամբ և օդային բեռնափոխադրումների սահմանափակումների վերացմամբ»,- նշել է նախարարը։
Նախարարը նշել է նաև, որ Հայաստանը ավարտել է Թուրքիայի հետ սահմանային «Մարգարա» անցակետի կառուցման և տեխնիկական նախապատրաստական աշխատանքները, և այն այժմ ամբողջությամբ գտնվում է Հայաստանի սահմանապահ ծառայության հսկողության ներքո։ Այս անցակետն արդեն օգտագործվել է որոշ դեպքերում՝ հումանիտար նպատակներով։
«Բարձր մակարդակի երկխոսությունը շարունակվում է՝ ներառյալ հանդիպումները Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի միջև, ինչպես նաև իմ հանդիպումները Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ։ Մենք համոզված ենք, որ լիարժեք կարգավորումը՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը, զգալի հնարավորություններ կստեղծեն ինչպես մեր երկրների, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար»,- ասել է Միրզոյանը։