
Գրենլանդիան զբոսաշրջության զգալի աճ է գրանցել Թրամփի կողմից ուշադրության արժանանալու շնորհիվ

Գրենլանդիայում զբոսաշրջիկների թվի զգալի աճ է գրանցվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների և մայրաքաղաք Նուուկում նոր միջազգային օդանավակայանի բացման ֆոնին: Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Երկրի հսկայական սառցե շերտը, սառցադաշտերը, խորը ֆյորդերը և ծովային կենդանիները, այդ թվում՝ կետերը կղզու հիմնական տեսարժան վայրերն են։
Գրենլանդիան միջազգային ուշադրության կենտրոնում է հայտնվել 2025 թ. հունվարին, երբ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, ժամանեց Նուուկի նորաբաց օդանավակայան։
Այդ ժամանակից ի վեր, ԱՄՆ նախագահը բազմիցս կրկնել է Արկտիկայի կղզին Միացյալ Նահանգների մաս դարձնելու իր ցանկությունը՝ հաշվի առնելով հազվագյուտ հողային հանքանյութերի հսկայական պաշարները, որոնք կարևոր նշանակություն ունեն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության համար:
Գրենլանդիայի վիճակագրության համաձայն՝ 2025 թ. հունվարին դեպի Գրենլանդիա միջազգային չվերթերի ուղևորների թվի 14 տոկոս աճ է գրանցվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Բացի այդ, հյուրանոցներում գիշերակացների թիվը վերջին տասնամյակի ընթացքում անշեղորեն աճել է, և նախորդ տարի այդ թիվը հասել է 355 000-ի 2014 թվականի 210 000-ի դիմաց:
2024 թ. նոյեմբերին Նուուկի օդանավակայանի բացումը հեշտացրել է դեպի կղզի ճանապարհորդությունը։ United Airlines-ը նախատեսում ուղիղ թռիչքներ սկսել Նյու Յորքից դեպի Նուուկ 2025 թ. հունիսին։
Իլուլիսատը՝ Գրենլանդիայի գլխավոր զբոսաշրջային կենտրոնը, որը հայտնի է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկված սառցե ֆյորդով, նույնպես մտադիր է բացել նոր միջազգային օդանավակայան 2026 թվականին, մինչդեռ մեկ այլ միջազգային օդանավակայան կառուցվում է Գրենլանդիայի հարավում գտնվող Քաքորթոք քաղաքում:
Գրենլանդիան հույս ունի, որ նոր օդանավակայանները կխթանեն զբոսաշրջությունը և հանքարդյունաբերությունը՝ դիվերսիֆիկացնելով տնտեսությունը, որի արտահանման 95%-ը ներկայում կազմում է ձկնորսությունը: