
Հայաստան-Բրազիլիա կապը ոչ միայն ինստիտուցիոնալ է, այլև՝ խորապես մարդկային. ՀՀ ԱԳ նախարար

Բրազիլիա պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ռիո Բրանկոյի դիվանագիտական ինստիտուտում հանդես է եկել ելույթով:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, Արարատ Միրզոյանն անդրադարձել է հայ-բրազիլական երկկողմ հարաբերություններին, երկու ժողովուրդներին կապող մշակութային կապերին, համագործակցության մեծ ներուժին, Բրազիլիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով նախանշված ուղղություններին, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներին։
«Հայաստանի ռազմավարական կապը Հարավային Ամերիկայի հետ, որտեղ Բրազիլիան հանդիսանում է մեր հիմնական գործընկերներից մեկը, մեր արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչ է։Այս 34 տարիների ընթացքում մեր հարաբերությունները զարգացել են՝ վերածվելով քաղաքական երկխոսության, մշակութային փոխանակման և համագործակցության հարուստ խճանկարի։Մեր գործընկերության հիմքում ընկած են ընդհանուր ժողովրդավարական արժեքները:
Հայաստանը և Բրազիլիան, ունենալով ամուր քաղաքացիական հասարակություններ, պաշտպանում են ազատությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը՝ սկզբունքներ, որոնք փորձության են ենթարկվել և վերահաստատվել մեր երկրների անցած ճանապարհին։
Իհարկե, կա նաև ֆուտբոլը՝ համաշխարհային լեզու, որը մեզ միավորում է մեծ եռանդով։ 1990-ականներին, 2000-ականների սկզբին և մինչև այսօր, հայաստանցի երեխաներն ու մեծահասակները հավաքվում են հեռուստացույցների շուրջ՝ ոգևորությամբ աջակցելով Բրազիլիայի ոսկե թիմերին։ Աշխարհի գավաթի յուրաքանչյուր հերթական հաղթանակ դրոշմել է Բրազիլիան մեր ընդհանուր երևակայության հիշողության մեջ՝ դարձնելով այդ անունն ուրախության և վարպետության հոմանիշ։
Այս համընդհանուր եռանդը սահմաններ չի ճանաչում՝ բորբոքելով քննարկումներ թե՛ Երևանի սրճարաններում, թե՛ Ռիոյի փողոցներում։ Սա հիշեցնում է, որ մեր կապերը ոչ միայն ինստիտուցիոնալ են, այլև խորապես մարդկային։
Չնայած ահռելի մարտահրավերներին և անվտանգության մշտական սպառնալիքներին, Հայաստանը հաստատակամորեն հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման կերտմանը: Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի»,- անդրադառնալով տարբեր թեմաների՝ իր ելույթում մասնավոորապես նշել է ՀՀ ԱԳ նախարարը: