
ՄԱԿ-ը հայտնել է երեք տարվա ընթացքում սառցադաշտերի ռեկորդային հալման մասին

Սառցադաշտերի ընդհանուր զանգվածը 2022-2024 թվականներին կրճատվել է ռեկորդային չափով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպության (ՕՀԿ) և Սառցադաշտերի մոնիթորինգի համաշխարհային ծառայության (ՍՄՀԾ)՝ ՄԱԿ-ի մասնագիտացված հիմնարկությունների հրապարակած զեկույցներում։
«2022-ից մինչև 2024 թվականն ընկած ժամանակահատվածում սառցադաշտերի զանգվածը երեք տարվա ընթացքում կրճատվել է ռեկորդային մեծություններով: Այն, ինչ նախկինում կոչվում էր «հավերժական սառցույթ», բազմաթիվ տարածաշրջաններում գոյություն չի ունենա 21-րդ դարից հետո», – հայտնում է ՕՀԿ-ն:
Ինչպես հիշեցնում է ՄԱԿ-ը, Երկրի վրա կա ավելի քան 275 հազար սառցադաշտ, որոնք զբաղեցնում են մոտ 700 հազար քառակուսի կմ տարածք և պարունակում են աշխարհի քաղցրահամ ջրի պաշարների մոտավորապես 70%-ը: Սառցադաշտերի հալման արագացումը միլիոնավոր մարդկանց կզրկի խմելու ջրի աղբյուրից և կհանգեցնի տարերային աղետների թվի աճի, հայտարարում են կազմակերպությունում:
Մասնագետների տվյալներով՝ 2024 հիդրոլոգիական տարում, որը տարբեր երկրներում սկսվում է հոկտեմբերից կամ նոյեմբերից, բոլոր 19 սառցադաշտերը նվազել են 450 միլիարդ տոննայով։ Այդ արդյունքը զբաղեցնում է չորրորդ տեղը սառցադաշտերի հալման դիտարկման ամբողջ ընթացքում:
Զանգվածի ռեկորդային կրճատում է գրանցվել Սկանդինավիայի, Շպիցբերգենի և Հյուսիսային Ասիայի սառցադաշտերում։
2025 թվականին ՄԱԿ-ի նախաձեռնությամբ մարտի 21-ին առաջին անգամ կնշվի Սառցադաշտերի համաշխարհային օրը։ Այն կոչված է ուշադրություն հրավիրելու սառցադաշտերի հալման և այն հանգամանքի վրա, թե ինչպես դա կազդի տնտեսության, էկոհամակարգի և հասարակության վրա: