
Շոյգուն Կիմ Չեն Ընի հետ քննարկել է Ուկրաինայի, ինչպես նաև ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև երկխոսության վերաբերյալ հարցեր

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ժամանել է Հյուսիսային Կորեա և հանդիպել Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընի հետ։
Ավելի քան երկու ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության, Ուկրաինայում տիրող իրավիճակի, ինչպես նաև Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսության մեկնարկի վերաբերյալ հարցեր։
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ավելի քան երկու ժամ երկար տևած բանակցություններն ավարտվել են։ Մենք ուսումնասիրել ենք որոշումների կատարման արդյունքները, որոնք կայացվել են երկու այցերից հետո՝ Կիմ Չեն Ընի այցը Ռուսաստան և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Փհենյան», – լրագրողների հետ զրույցում նշել է Շոյգուն։
Նրա խոսքով՝ քննարկված այլ հարցերի թվում են եղել «Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները և երկխոսության մեկնարկը, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները», ինչպես նաև «շատ այլ հարցեր, որոնք այս կամ այն կերպ առնչվում են տարբեր տարածաշրջանների և մասնավորապես Կորեական թերակղզու անվտանգության խնդիրներին»։Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ նաև այլ պաշտոնյաների հետ։