
ՀՀ-ն և ԵՄ-ն շուտով կավարտեն բանակցությունները գործընկերության նոր օրակարգի շուրջ. Վասիլիս Մարագոս

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ամբողջական ուժի մեջ մտնելու չորրորդ ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում Եվրոպական միության պատվիրակության և Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչները կարևորել են ԵՄ-Հայաստան գործընկերության խորացումը, գնահատել ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի իրագործման ընթացքը, ինչպես նաև՝ քննարկել համաձայնագրի արդյունավետության բարձրացման ուղիները։
Ինչպես տեղեկանում ենք Հայաստանում ԵՄ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, արտագնա հանդիպումը, որին ներկա էին շուրջ 80 մասնակիցներ, հարթակ է ապահովել գործընկերների միջև մտքերի փոխանակումների և ՀԸԳՀ-ից բխող բարեփոխումների վերաբերյալ ռազմավարական քննարկումների համար։
ՀՀ կառավարության ներկայացուցիչները խոսել են ՀԸԳՀ-ի կիրարկման իրենց մոտեցումների մասին՝ ներկայացնելով 2024 թվականի հիմնական ձեռքբերումները, առկա մարտահրավերները և ԵՄ-ի հետագա աջակցության առաջնահերթ ոլորտները։Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ՀԸԳՀ-ն որպես ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմնական իրավական շրջանակ լինելու փաստը և բարձր գնահատելՀայաստանի հանձնառությունը բարեփոխումներին՝ չնայած գոյություն ունեցող մարտահրավերներին։
«Մենք գնահատում ենք Հայաստանի իշխանության կողմից արձանագրված առաջընթացը, սակայն պետք է համատեղ ուժերով թափ հաղորդենք բարեփոխումների ընթացքին և խորացնենք ԵՄ-Հայաստան համագործակցությունը՝ լիարժեք գործի դնելով ՀԸԳՀ-ի ողջ ներուժը, հատկապես՝ տնտեսական զարգացման ոլորտում ԵՄ չափանիշների ներդրման առումով։ Հայաստանը և ԵՄ-ն շուտով կավարտեն բանակցությունները գործընկերության նոր օրակարգի շուրջ, որը կընդլայնի մեր համագործակցությունը այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են՝ անվտանգության ոլորտի բարեփոխումները և մուտքի արտոնագրերի ազատականացումը»,- ասել է նա:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բացման իր խոսքում նշել է, որ աշխարհաքաղաքական զարգացումների լույսի ներքո առանցքային է ՀՀ կենսական օրակարգի՝ բարեփոխումների ընթացքի քննարկումն ու գնահատումը, քանի որ դրա ճիշտ ընկալումը, ճանաչումն ու իրականացումը կարևոր են երկրի կայուն զարգացման և առաջընթացի համար.«Չնայած առկա ներքին ու արտաքին բազմաթիվ մարտահրավերների՝ Հայաստանի կառավարությունն անշեղորեն շարժվում է բարեփոխումների իրականացման իր նախանշած ուղիով՝ ընթացս կատարելով անհրաժեշտ շտկումներ և սերտորեն համագործակցելով Եվրամիության հետ»:
Փոխվարչապետն իր ելույթում կարևորել է նաև ԵՄ-ի հետ խորացող երկկողմ հարաբերություններից բխող հավակնոտ մոտեցումների ձևավորման գործընթացները՝ մասնավորապես այս պահին բանակցվող Եվրամիության-Հայաստան գործընկերության նոր օրակարգը և այն աջակցելու համար Եվրահանձնաժողովի հետ քննարկման փուլում գտնվող Հայաստանին տրամադրվելիք ԵՄ Դիմակայունության և աճի պլանը:
Հրավիրված բանախոս, Եվրոպական միության սպառողների հարցերով նախկին հանձնակատար, Բուլղարիայի նախկին փոխվարչապետ և Եվրոպայի խորհրդում ԵՄ պատվիրակության նախկին ղեկավար, տիկին Մեգլենա Կունևան ներկայացրել է Բուլղարիայի բարեփոխումների և ԵՄ-ին անդամակցության փորձը։ Նա ընդգծել է պետական կառավարման կուռ համակարգի առանցքային կարևորությունը, ԵՄ-ին առնչվող բարեփոխումների հաջող իրականացման համար։
ՀԸԳՀ արտագնա երկրորդ հանդիպմանը վերահաստատվել է Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության փոխադարձ հանձնառությունը։ Առաջ շարժվելով՝ կողմերը շարունակելու են համատեղ աշխատել բարեփոխումների առաջմղման, կառավարման համակարգի ամրապնդման և ՀԸԳՀ-ի շրջանակներում Հայաստանի քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովման ուղղությամբ։