
Անմիջապես արձագանքել եմ, ապավինում եմ ՔԿ-ին. ՆԳ նախարարը՝ Տիգրան Ուլուբաբյանի դեպքի մասին
Ես ոչ մի բանի հակված չեմ հավատալու, եթե կարիք լինի կրկնակի փորձաքննության, այդպես էլ կլինի. լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ոստիկանների կողմից արցախցի Տիգրան Ուլուբաբյանի խոշտանգման դեպքին, ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
«Քննչական կոմիտեն պետք է կրկին հարցաքննի ոստիկաններին, տուժողին, առերեսում իրականացվի, բոլոր դատավարական գործողությունները տեղի ունենան։ Առանց դատավարական գործողությունների գնահատական տալ չի ստացվի, դա կլինի միակողմանի։
Ես ՆԳ նախարար եմ և կարիք ունեմ գործը օբյեկտիվորեն հասկանալու, որը մի կողմից կպաշտպանի մեր քաղաքացուն, եթե ոստիկանի կողմից եղել է ներգործություն, մյուս կողմից էլ, եթե չկա ներգործություն, այլ կա զրպարտանք՝ պաշտպանել ոստիկանության այն ծառայողին, որը նման քայլ չի կատարել։
Նորից եմ ասում՝ այդ դեպքի մասով այս պահին չեմ կարող գնահատականներ տալ»,-նշեց նա։