Բաժիններ՝

Լոնդոնի Հիթրոու օդանավակայանը փակվել է ենթակայանում բռնկված հրդեհի պատճառով

Լոնդոնի Հիթրոու օդանավակայանը մարտի 21-ին փակվել է, քանի որ այն էլեկտրականությամբ մատակարարող ենթակայանում խոշոր հրդեհ է տեղի ունեցել։

Այս մասին հաղորդում է BBC-ն։

Հիթրոուն Մեծ Բրիտանիայի ամենազբաղված օդանավակայանն է, ուստի դրա փակումից կտուժեն մեծ թվով ուղևորներ։

Ըստ Flightradar24-ի տվյալների՝ մարտի 21-ին օդանավակայանի փակվելը կազդի առնվազն 1351 չվերթի վրա։ Օդանավակայանի վարչակազմը նախազգուշացրել է, որ առաջիկա օրերին ևս սպասվում են աշխատանքի «լուրջ խափանումներ»։

Հիթրոու մեկնող ինքնաթիռների մի մասին ընդունել է Լոնդոնի Գեթվիք օդանավակայանը։ Որոշ ինքնաթիռներ վայրէջք են կատարել Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի տարբեր քաղաքներում։

Լոնդոնի արևմուտքում գտնվող Հեյս քաղաքի ենթակայանում բռնկված հրդեհի պատճառով հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության, շուրջ 150 մարդ տարհանվել է մոտակա շենքերից։

Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս