
ՀՖՖ-ն ֆան շարժումներին տոմսեր է տվել՝ հավաստիանալով, որ հակաիշխանական կոչեր չեն լինի. աղբյուր

Մարտի 10-ին 24News-ի լրագրողը ֆիքսել էր ՀՖՖ-ի նախագահ Արմեն Մելիքբեկյանին կառավարության շենքում: Ընդ որում, նա այցելել էր այնտեղ ոչ աշխատանքային ժամի` երեկոյան 20:10-ին:
24News-ը հարց ուղղեց Մելիքբեկյանին, թե ի՞նչ է անում կառավարությունում, սակայն ՀՖՖ նախագահը հրաժարվեց մեկնաբանել: Մեր այն ճշտող հարցին, թե այդ ի՞նչ հույժ գաղտնի տեղեկատվություն է, վերջինս պնդեց, թե ոչ մի գաղտնի բան չկա:
Սակայն 24News-ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել, թե ՀՖՖ նախագահն ինչու էր եկել կառավարություն:
24News-ի աղբյուրի փոխանցմամբ, Մելիքբեկյանը պետք է հանդիպեր Նիկոլ Փաշինյանին, սակայն կառավարության ղեկավարը «դրսից հյուրեր է» ունեցել և չի կարողացել ընդունել: Այդ իսկ պատճառով նա հանդիպել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին:
Հասկանալով, թե Հայաստան-Վրաստան խաղին ֆեդերացիայի և հենց Մելիքբեկյան Արմենի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված հնարավոր ինչ քայլեր կարող են անել երկրպագուները, Արայիկ Հարությունյանը Մելիքբեկյան Արմենի հետ մարտի 10-ին կապվում են ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի հետ, ինչից հետո Աբազյանն անձամբ զանգահարում է Հայաստանի ֆուտբոլի ֆան շարժումների ղեկավարներին, հավաստիացումներ ստանում, որ դաշտում չեն գոռալու «Նիկոլ հեռացիր» կամ «Նիկոլ դավաճան», ապա հետո միայն տոմսեր տրամադրում ֆան շարժումներին:
Հատկանշական է, որ հենց մարտի 11-ին էլ ՀՖՖ-ն հայտարարեց, որ ֆան շարժումներին կտրամադրեն տոմսեր:
Ի դեպ` 24News-ը այդ թեմայով ևս Մելիքբեկյանին հարց ուղղեց, թե արդյո՞ք մտավախություն ունի, որ մինչև այս պահը տոմսերը վաճառքի չեն հանվել, ինչին ի պատասխան վերջինս նշեց, թե «տոմսերի վաճառքը շուտով կսկսվի, ամեն ինչ նորմալ է»:
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցավ Հայաստան-Վրաստան հանդիպումը, մեր ընտրանին սեփական հարկի տակ զիջեց մրցակցին 0-3 հաշվով: Երկրպագուները խաղի ընթացքում և հետո պարբերաբար վանկարկում էին «Մելիքբեկյան հեռացիր», «Հրաժարականն անխուսափելի է»:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը ևս դաշտում ներկա էր և անձամբ հետևում էր խաղին իր վրացի գործընկերոջ` Իրակլի Կոբախիձեի հետ: