
Սյունիքի հայաթափման պլանը ձախողելու համար ՀՀ-ն պետք է առաջարկի Իրանին շտապ ռազմական համագործակցության պայմանագիր կնքել, Սյունիքում ռազմաբազա տեղակայել. իրանագետ Մաջիդ Քարիմի
Իրանի համար Սյունիքով միջանցքի տրամադրումն Ադրբեջանին և Թուրքիային անընդունելի է և կարմիր գիծ։ Նման միջանցքի բացումը բերելու է շատ կարճ ժամանակահատվածում ամբողջ Սյունիքի հայաթափման, որն էլ Թուրքիայի և Ադրբեջանի իրական նպատակն է։
Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց իրանագետ, Կովկասի հարցերով ավագ փորձագետ Մաջիդ Քարիմին։
«Այս պարագայում Սյունիքի հայաթափում է ստացվում, դուք՝ հայերդ, ի՞նչ է, լավ չեք ճանաչո՞ւմ Թուրքիայի մտածելակերպը։ Իրանի համար այս հարցը կարմիր գիծ է, որը որևէ դեպքում չի փոխվելու։ Ադրբեջանին և Թուրքիային ճանապարհ տալուց առաջ Հայաստանի իշխանությունը պետք է այդ ճանապարհի նշանակությունը շատ մանրամասն ուսումնասիրի. Սյունիքի մարզի աշխարհաքաղաքական տեղն ու դիրքը տարբերվում են մյուս ճանապարհներից։ Դա՛ է պետք հասկանալ։ Թե՛ օսմանցիները, թե՛ Բաքվի մուսավաթները մշտապես հարձակումներ են գործել Մեղրիի տարածաշրջանի վրա և առ այս պահն ունեն նման նկրտում, հետևապես՝ այդ ճանապարհին տիրանալու պարագայում կրկնվելու է Արցախի ճակատագիրը. Հիշե՛ք, որ Թուրքիան և Ադրբեջանը հարձակվեցին Արցախի վրա, բայց խոստացան, որ Արցախի ժողովրդի հետ գործ չեն ունենալու, իսկ 3 տարի անց տեսանք, թե ինչ պատահեց։ Նույնը կրկնվելու է Սյունիքում»,- ասաց Կովկասի հարցերով փորձագետը։
Վերջինիս խոսքով՝ հայկական կողմը թուրքական մտածեակերպը լավ չի ճաաչում, մի՞թե տեսանելի չէ, որ եթե ճանապարհը բացվի՝ թուրքերը կգան, այդ ճանապարհի վրա կիրականացնեն զինված գործողություններ։
«Թուրքիան անմիջապես այդ պատրվակով զորք կմտցնի այդ տարածք»,- շեշտեց Մաջիդ Քարիմին։
Որո՞նք պետք է լինեն Հայաստանի քայլերը՝ կանխելու Սյունիքով միջանցքի՝ ռազմական ճանապարհով բացումը՝ հարցին ի պատասխան, իրանագետը նշեց մի քանի քայլ, որոնք Հայաստանի պարագայում պարզապես անհրաժեշտություն են՝ թուրք-ադրբեջանական ռազմական նկրտումներն ու Հայաստանի հարավի անեքսիան թույլ չտալու համար։
«Հայաստանը պետք է առաջարկի Իրանին շտապ ռազմական համագործակցության վերաբերյալ պայմանագիր կնքել, մասնավորապես՝ Սյունիքում համատեղ գործունեություն ծավալելու համար։ Երկրորդ կետով՝ Հայաստանը պետք է դիմի Իրանին՝ Սյունիքում ռազմաբազա տեղակայելու խնդրանքով։ Երրորդ կետով պետք է Սյունիքում ստեղծել տնտեսական զարգացման գոտիներ»:
Հիշեցնենք, որ Մաջիդ Քարիմին իրանագետ է, Կովկասի հարցերով ավագ փորձագետ։
Քարիմին ակտիվորեն մասնակցել է միջազգային գիտաժողովների՝ ներկայացնելով զեկույցներ՝ նվիրված, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության աշխարհաքաղաքական ազդեցությանը, Մուղանի պատմությանը և նրա Խորհրդային Հանրապետությանը, ինչպես նաև Իրանի և Հայաստանի մշակութային հատման կետերին։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։