
ԵՄ-ն շուտով կվերանայի Ուկրաինային ֆինանսական աջակցության իր պլանները. Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ Եվրամիությունը շաբաթների ընթացքում կվերանայի Ուկրաինային աջակցելու իր ծրագրերը։ Այս մասին նա հայտարարել է Kossuth ռադիոկայանի եթերում։
Հունգարիան ԵՄ անդամ միակ երկիրն էր, որը մարտի 6–ին չաջակցեց Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ արտահերթ գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթին։ Օրբանը հայտնեց, որ Հունգարիան բնակչության շրջանում հարցում կանցկացնի Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ, քանի որ կարծում է, որ նախ պետք է լուծվի այդ հարցը, և միայն հետո Ուկրաինային համայնքի կողմից ֆինանսական աջակցության մասին որոշում կայացվի։
Նրա խոսքով՝ Բրյուսելում այժմ «հաշվարկներ են անում», թե որքան կարժենա ուկրաինական բանակը պահելը, որը Վլադիմիր Զելենսկին իբր ցանկանում է հասցնել միլիոնի, և ուկրաինական պետության գործունեության պահպանումը։
«Հիմա նրանք հաշվում են: Եվ կարծում եմ, որ հաշվարկների արդյունքը կլինի այն, որ մենք չենք կարող դա թույլ տալ մեզ: Կարծում եմ, որ հունգարական կարծիքը ճիշտ ժամանակին կհայտնվի եվրոպական այս բանավեճում, և այդ ժամանակ պարզ կդառնա, որ մենք ինքներս մեզ կկործանենք, եթե անենք այն, ինչ 26 անդամ երկրներ երեկ ճիշտ համարեցին», – ասել է Օրբանը:
Հունգարիայի վարչապետն ընդգծել է` ԵՄ-ն միակը չէ, որի գումարները չեն բավականացնի բոլոր նպատակներն իրականացնելու համար, դրանք հնարավոր չէր լինի իրականացնել նույնիսկ ԱՄՆ ֆինանսական մասնակցությամբ։