Մարդիկ Բաքվի բանտում հայտնվել են այս իշխանությունների անգործության հետևանքով. Էդուարդ Շարմազանով

ՀՀ իշխանություններն անգործություն են դրսևորում և բացասական ազդեցություն ունենում Բաքվի բանտերում պահվող գերիների վերադարձի մասով։ Այս մասին Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում հայտնեց ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀՀ իշխանությունները քայլեր անում են Բաքվում պահվող գերիներին հայրենիք վերադարձնելու մասով։

Նշենք, որ ՀՀ իշխանությունները վերջին օրերին վստահեցնում են, որ իրենց քայլերը տեսանելի չեն, քանի որ աշխատում են քիչ խոսել, շատ գործել։ Ընդգծում են, որ իրենք գործում են չվնասելու սկզբունքով։

«Իհարկե, արվում են քայլեր, բայց բացասական։ Իրենց անգործության արդյունքում այդ մարդիկ հայտնվեցին Բաքվի բանտերում։ 1.5-2 տարի է՝ այդ մարդիկ Բաքվի բանտում են, առաջին անգամ ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը խոսել այդ մասին։ Պուտինն իր ասուլիսի ժամանակ հռետորական հարց հնչեցրեց` Երևանում գերիներին սպասո՞ւմ են, իսկ այստեղից՝ զրո արձագանք։ Եթե սպասելիս լինեին, ապա ամեն ինչ կանեին, որ այդ մարդիկ Երևանում լինեին, ոչ թե Ռուբեն Վարդանյանի դեմ ավել-պակաս խոսեին` թե ինչ գործ ուներ Արցախում։

Նրա օրինակն ամենալավն է հերքում Նիկոլ Փաշինյանի այն հիմար թեզը, թե դպրոցը պետք է երեխաներին սովորեցնի կյանքը վայելել։ Դպրոցը պետք է սովորեցնի հայրենիքին ծառայել։ Ինքն ամենաշատը կարող էր կյանքը վայելել, իրենց թվում է` գնացել էր Արցախ, որ հետո էլ կյանքը Բաքվի բանտում անցնի՞։ ՀՀ իշխանությունների ամբողջ փիլիսոփայությունը մեկն է` տակը չոր, փորը կուշտ»,- ասաց Շարմազանովը։

Կարդացեք նաև

Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի ձայնային ուղերձին, որը փոխանցել էր ընտանիքի միջոցով՝ նաշեշտեց` եթե Ռուբեն Վարդանյանը չի հուսահատվում ու պայքարի կոչեր է անում, ապա «շանտղություն կլինի, որ Հայաստանից հուսահատություն տարածվի»։

«Բաքվում գտնվող մեր եղբայրները` և՛ Ռուբեն Վարդանյանը, և՛ Բակո Սահակյանը, և՛ Արկադի Ղուկասյանը, և՛ Լևոն Մնացականյանը, և՛ մյուսներն իրենց վարքագծով ցույց են տալիս, որ հայկական ոգին չի կարելի սպանել։ Եռաբլուրին հավատարիմ մնալու ոգին կարելի է բանտարկել, բայց չի կարելի սպանել»,- ասաց Շարմազանովը։

Տեսանյութեր

Լրահոս