
Արտակարգ դեպք՝ Մարալիկում․ դպրոցից տնտեսվարը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` մարտի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Անիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Գլխի գագաթային հատվածի ջնջխված, կտրված վերք» ախտորոշմամբ «Մարալիկ» առողջության կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Շիրակի մարզի բնակիչ 75-ամյա Սարգիս Պ․-ն է, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն օրը` ժամը 13։00-ի սահմաններում, Մարալիկի Ինդրա Պողոսյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի բակում տանիքի սառցե բեկորների պոկվելու և գլխին ընկնելու հետևանքով:
Դեպքի փաստով ոստիկանության Անիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Սարգիս Պ․-ն աշխատում է թիվ 1 միջնակարգ դպրոցում, որպես տնտեսվար։