
Գերմանիան ԵՄ-ին կոչ է արել մեղմացնել բյուջետային կանոնները՝ պաշտպանական ծախսերն ավելացնելու համար

Գերմանիան Եվրամիությանը կոչ է արել վերանայել բյուջետային կանոնները, որպեսզի այդ կառույցին անդամակցող երկրները կարողանան մեծացնել պաշտպանական ոլորտի ծախսերը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
«Միությունը պետք է բյուջետային լրացուցիչ հնարավորություններ տրամադրի անդամ երկրներին՝ աշխարհաքաղաքական հանգամանքներից ելնելով երկարաժամկետ հեռանկարում պաշտպանական ծախսերն ավելացնելու համար»,- հայտարարել է Բրյուսելում Գերմանիայի ներկայացուցիչը:
ԵՄ-ի բյուջետային կանոններն անդամ երկրների պարտքը սահմանափակում են ՀՆԱ-ի մինչև 60 տոկոսով, իսկ բյուջեի պակասորդը՝ մինչև 3 տոկոսով:
Ակնկալվում է, որ ԵՄ-ի առաջնորդները բյուջետային կանոններում հնարավոր փոփոխությունները կքննարկեն մարտի 6-ին կայանալիք գագաթնաժողովում:
Մարտի 4-ին Եվրամիությունը հայտարարել էր մինչև 800 միլիարդ եվրո լրացուցիչ միջոցներ ներգրավելու (ներառյալ անդամ երկրներին պաշտպանության ոլորտում ներդրումների համար հատկացվելիք 150 միլիարդ եվրոյի վարկը) ծրագրի մասին: Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը նույն օրը հայտարարել էր, որ երկիրը փոփոխություններ է կատարելու սահմանադրությունում՝ պաշտպանության և անվտանգության ծախսերը բյուջետային սահմանափակումներից ազատելու համար: