
«Ասեմ շատ ուղիղ՝ տուժող կողմը համոզված է, որ ՀՀ վարչապետի միջամտությամբ է, որ դեպքից 3 տարի անց ոչ ոք չի ենթարկվել քրեական պատասխանատվության»․ Փաստաբան Րաֆֆի Ասլանյան

Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված և մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի իրավահաջորդի օրինական շահերը պաշտպանող փաստաբան Րաֆֆի Ասլանյանը արձագանքել է այսօր խորհրդարանում Փաշինյանի հնչեցրած ձևակերպմանը․
«ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին այսօր պատասխանելիս Նիկոլ Փաշինյանը հռետորական հարց հնչեցրեց, թե իր ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի գործով տուժող կողմն արդյոք կասկած ունի՞, որ ինքը միջամտում է գործին։
Ասեմ շատ ուղիղ՝ տուժող կողմը համոզված է, որ միայն ՀՀ վարչապետի ուղղակի կամ անուղղակի միջամտության արդյունքում կարող էր դեպքից երեք տարի անց ոչ մեկը չենթարկվել քրեական պատասխանատվության, նույնիսկ չազատվել աշխատանքից, դատարանի պարտավորեցումից հետո ավտոշարասյան ղեկավար կազմի պաշտոնատար անձանց նկատմամբ կրկին անգամ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում կայացվել։
Իսկ ավտոշարասյան ռադիոկապի ձայնագրության փաստացի ոչնչացումը նաև կասկածներ է հարուցում բուն դեպքին Նիկոլ Փաշինյանի հնարավոր միջամտության մասին»։