Բաժիններ՝

ԱՄՆ-ը կարող է մասամբ մեղմացնել Կանադայի և Մեքսիկայի համար սահմանված մաքսատուրքերը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող է մեղմացնել ավելի վաղ Կանադայի և Մեքսիկայի նկատմամբ սահմանված առևտրային որոշ մաքսատուրքեր, որոնք կարող են առնչվել ավտոմոբիլային ոլորտին: Այս մասին Bloomberg TV-ին հայտնել է ԱՄՆ-ի առևտրի նախարար Հովարդ Լատնիկը։

«Նա ուսումնասիրում է, թե շուկայի որ հատվածները կարող են թեթևացում ստանալ: Հնարավոր է, դա կլինի ավտոարդյունաբերությունը, հնարավոր է՝ այլ ոլորտներ»,- նշել է Լատնիկը:

Ընդ որում, նա ընդգծել է, որ չնայած հնարավոր փոփոխություններին, մաքսատուրքներն ընդհանուր առմամբ կպահպանվեն, քանի որ դրանք առնչվում են ԱՄՆ-ը ֆենտանիլի մատակարարումների դեմ պայքարին։ Նշվել է, որ մաքսատուրքերի վերանայման վերաբերյալ առանձին ​​որոշումներ կարող են ընդունվել արդեն առաջիկա օրերին, սակայն առևտրային միջոցների առավել համապարփակ վերանայում սպասվում է ապրիլի 2-ին։

«Եկեք հստակեցնենք՝ տուրքեր կլինեն: Սակայն նախագահը դիտարկում է, թե շուկայի որ հատվածները կարող են հնարավոր թուլացում ստանալ մինչև ապրիլի 2-ը»,- նշել է ամերիկացի նախարարը:

Ավելի վաղ ԱՄՆ-ը 25 տոկոս մաքսատուրքեր էր սահմանել Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների վրա, ինչն անհանգստություն էր առաջացրել գործարար համայնքում։ Հովարդ Լատնիկը նշել է, որ վարչակազմը քննարկում է մաքսատուրքերի նվազեցման հնարավորությունն այն ապրանքների համար, որոնք համապատասխանում են Թրամփի նախագահության նախորդ ժամանակահատվածում կնքված USMCA առևտրային համաձայնագրի պահանջներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս