
41-ամյա տղամարդը ձերբակալվել է
Արմավիրի մարզում նախկինում կատարված գողության մի քանի դեպքով Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ձեռնարկում էին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, երբ փետրվարի 28-ի ուշ երեկոյան ստացան տեղեկություն:
Ըստ տեղեկության` Արմավիր քաղաքի Լերմոնտովի փողոցի բնակիչ 41-ամյա տղամարդը ոչ միայն նախկինում էր կատարել, այլև հենց այդ պահին գնացել էր գողության:
Արագ գործողությունների արդյունքում Լերմոնտովի փողոցում մարտի մեկին, կեսգիշերից 40 րոպե անց, 41-ամյա տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Մեծամոր համայնքի Մայիսյան բնակավայրի սկզբնամասում հայտնաբերվեց նաև նրա մորեղբոր որդին, որի «Նիսան Մարչ» մակնիշի մեքենայում հայտնաբերվեց 41-ամյա տղամարդու գողացած օդորակիչներից մեկը:
Մինչ «Նիսանը» տեղափոխվում էր բաժնի պահպանվող հատուկ տարածք` համայնքային ոստիկանները Մայիսյան գյուղ տանող ճանապարհի հարակից դաշտում հայտնաբերեցին 41-ամյա տղամարդու վարած «Օպել Վեկտրան»: Սա էլ տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք. այս մեքենայում ևս հայտնաբերվեց գողացված օդորակիչ:
Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, քննիչի որոշմամբ 41-ամյա տղամարդը տեղափոխվեց ձերբակալվածների պահման վայր, այնուհետև, դատարանի որոշմամբ, կալանավորվեց և տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ:
Օդորակիչները 41-ամյա տղամարդը գողացել էր փետրվարի 28-ի ժամը 21.30-ի սահմաններում` Մայիսյան գյուղում գտնվող չրի արտադրամասի տարածքից: Արտադրամասի տիրոջից ընդունվեց հաղորդում, սակայն Արմավիրի համայնքային ոստիկանների օպերատիվ միջոցառումներն ու նախաքննական մարմնի քննչական գործողությունները սրանով չավարտվեցին:
Հունվարի 16-ին հաղորդում էր ստացվել, որ «Արմավիր» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի տարածքից գողացել են վճարային տերմինալը: Հիմնավորվեց, որ հենց 41-ամյա տղամարդն է գիշերը հարմարեցված գործիքով դուռը բացել, մտել պոլիկլինիկայի շենք, ապա հարմարեցված գործիքով բացելով 3-րդ հարկում դրված վճարային տերմինալի դուռը՝ գողացել մոտ 90 հազար դրամ:
Անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ ևս մեկ հաղորդում ստացվել էր փետրվարի 17-ին. գողացել էին Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող մի բանկի պատկանող գեներատորը:
Գողության վերաբերյալ հաջորդ հաղորդումը ստացվեց փետրվարի 25-ին: Հիմնադրամներից մեկի աշխատակիցը հայտնել էր, որ վերջին երկու ամսում Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող արտադրական տարածքից գողացել են տեսանկարահանող չորս սարք, համակարգչի էկրան, ստեղնաշար և հիշողության սարք: Այս անգամ էլ 41-ամյա տղամարդն էր դռան փականը կոտրելու միջոցով մտել արտադրական տարածք:
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ տղամարդը հիմնադրամին պատկանող իրերը վաճառել է Արմավիր քաղաքի մի բնակչի, որը բացատրական աշխատանքի արդյունքում ընդունել է փաստը: Իսկ գեներատորը վաճառել էր Սարդարապատ գյուղի մի բնակչի:
Գողոնը հայտնաբերվել է: Նախաքննությունը շարունակվում է: