Բաժիններ՝

Հայաստանում «Նիկիտա Մոբայլ» առաջին էլեկտրոնային բջջային թվային ստորագրության և առցանց նույնականացման օպերատորի հայտարարությունը

«Նիկիտա Մոբայլ» ընկերությունը հանդիսանում է Հայաստանում առաջին էլեկտրոնային բջջային թվային ստորագրության և առցանց նույնականացման օպերատորը, որը 2018 թվականից մատուցում է այս ծառայությունները՝ հիմնված SIM քարտերի վրա, Մոբայլ ID ապրանքանիշի ներքո։ Ունի հազարավոր օգտագործողներ, ինտեգրված է «ԵսԵմ» համակարգին, որի միջոցով սպասարկվում են բոլոր պետական էլեկտրոնային հարթակները:

Բազմաթիվ օգտագործողներ նախորդ տարի արդեն իսկ հանձնել են իրենց եկամուտների հայտարարագրերը մեր ծառայության միջոցով: Մեր ծառայությունը խտրական չէ և հասանելի է նաև այն անձանց համար, ովքեր ինչ-որ համոզմունքներից ելնելով՝ հրաժարվել են ստանալ ՀԾՀ:

Մեր ընկերությունը դեռևս տարիներ առաջ առաջարկել է eSIM-ների միջոցով թվային ստորագրության և նույնականացման համար լուծումը, ինչպես նաև մշակել է Սմարթ ID (xID) լուծումը, որը հասանելի է բոլոր սմարթֆոնների համար և փոխկապված չէ SIM և eSIM քարտերի հետ։ Այսինքն, դա հավելված է սմարթֆոնների համար, որը ներբեռնելով հեռախոսում, օգտատերը առանց SIM կամ eSIM ստանալու կամ փոխանակելու անհրաժեշտության, կարողանում է օգտվել էլեկտրոնային բջջային թվային ստորագրության և առցանց նույնականացման ծառայությունից:

Դեռևս երկու տարի առաջ «Նիկիտա Մոբայլը» դիմել է «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամին՝ ներկայացնելով այս լուծումները, դրանց ներդրման անհրաժեշտությունն ու իր պատրաստակամությունն այդ հարցում, սակայն մինչ օրս կոնկրետ որևէ արձագանք չի ստացել: Եթե պատկան մարմինը ժամանակին արձագանքեր, ապա այդ լուծումները վաղուց արդեն ներդրված կլինեին Հայաստանում և բազմաթիվ քաղաքացիներ հնարավորություն կստանային օգտվել այս նորարարական լուծումներից։ Հարկ ենք համարում ընդգծել, որ այս լուծումները ներդրվել են ամբողջությամբ «Նիկիտա Մոբայլ» ընկերության հաշվին, համապատասխանում են անվտանգության միջազգային ստանդարտներին, ունեն eIDAS հավաստագիր, ինչի մասին տեղեկացվել է նաև գործակալությանը: Այսօր ևս «Նիկիտա Մոբայլը» պատրաստ է սեղմ ժամկետում ներդնել eSIM և Սմարթ ID լուծումները, քանի որ այդ լուծումներն արդեն իսկ պատրաստ են և թեստավորված են գործարկման համար։

Ունենալով անհրաժեշտ ռեսուրսներ և փորձառություն՝ «Նիկիտա Մոբայլը» միշտ պատրաստ է եղել աջակցել պետության թվայնացման գործընթացներին, այսօր էլ բաց է համագործակցության համար և կաջակցի բոլոր շահագրգիռ կողմերին՝ հեշտացնելու եկամուտների համընդհանուր հայտարարագրման այս գործընթացը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս