
Ֆրանսիան ավարտել է Չադից զորքերի դուրսբերումը

Ֆրանսիան պաշտոնապես Չադի զինված ուժերին է հանձնել Նջամենայում Աջի Կոսեի ռազմակայանը՝ այդպիսով ավարտին հասցնելով իր զորակազմի դուրսբերումն այդ երկրից։ Այս մասին հայտնում է Tchadinfos լրատվական հարթակը։
Ավելի վաղ ֆրանսիացի զինվորները հեռացել են Ֆայա Լարժոյի և Աբեշեի ռազմակայաններից։
2024 թվականի նոյեմբերի 28-ին Չադը հայտարարել էր Ֆրանսիայի հետ պաշտպանական համաձայնագրի գործողության դադարեցման մասին և դեկտեմբերի 20-ին պահանջել բոլոր զինվորականներին երկրից դուրս բերել մինչև 2025 թվականի հունվարի 31-ը։ Չադում գտնվում էր Ֆրանսիայի զինված ուժերի անձնակազմի մոտ 1000 անդամ՝ տեղակայված երեք ռազմակայաններում՝ մայրաքաղաք Նջամենայում, Ֆայա Լարժոյում և Աբեշեում։
Չադի նախագահ Մահամաթ Իդրիս Դեբին երկրում ֆրանսիական ռազմական ներկայության «արդյունավետ ավարտը» նշող այս օրն անվանել է «բացառիկ»։
«Մենք պետք է նոր դաշինքներ ստեղծենք՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա և չկորցնելով անկախության և ինքնիշխանության պահանջները: Հենց համագործակցության այս ձևի մասին եմ երազում վերակառուցված Չադի համար», – ասել է նա՝ հարգանքի տուրք մատուցելով ֆրանսիական ուժերին նրանց համագործակցության համար:Ֆրանսիայի զինծառայողներին խնդրել են հեռանալ ոչ միայն Չադի, այլև Արևմտյան Աֆրիկայում Ֆրանսիայի մյուս նախկին գաղութների՝ Մալիի և Նիգերի իշխանությունները։