
Եվրամիությունը կպաշտպանի Դանիայի տարածքային ամբողջականությունը. Կոշտա

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԵՄ-ն մտադիր է պաշտպանել Դանիայի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու սպառնալիքների ֆոնին:
«Դանիայի տարածքային ամբողջականությունը, Դանիայի ինքնիշխանությունը, նրա սահմանների կայունությունը…. ակնհայտորեն, մեզ համար կարևորագույն խնդիր է…. Մենք չպետք է դադարենք պաշտպանել այդ սկզբունքները, երբ ԵՄ անդամ պետության տարածքային ամբողջականությունն սպառնալիքի տակ է…. Եվրոպական միությունը կաջակցի Դանիային», – հայտարարել է Կոշտան։
Թրամփը հայտարարել է, որ Գրենլանդիան պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս՝ ընդգծելով դրա ռազմավարական կարևորությունն ԱՄՆ ազգային անվտանգության և «ազատ աշխարհի» պաշտպանության համար, այդ թվում՝ Չինաստանից և Ռուսաստանից:
Գրենլանդիայի վարչապետ Մուտե Էգեդեն հայտարարել է, որ կղզին չի վաճառվում և երբեք չի վաճառվի: Դրա հետ մեկտեղ Թրամփը չի բացառել ռազմական ուժի կիրառումը Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։Գրենլանդիան մինչև 1953 թ. Դանիայի գաղութ էր։ Այն մնում է թագավորության մաս, սակայն 2009 թ. ստացել է ինքնավարություն՝ ինքնակառավարման և ներքին քաղաքականության մեջ ինքնուրույն ընտրության հնարավորությամբ։
2019 թվականին Թրամփի առաջին նախագահության տարիներին ևս ԶԼՄ-ներում մի շարք հրապարակումներ էին հայտնվել այն մասին, որ Թրամփը դիտարկում է Գրենլանդիան գնելու հնարավորությունը: