ԱՄՆ-ում ինքնաթիռի և ուղղաթիռի բախումից հետո գետից դուրս է բերվել 30 մարդու մարմին
ԱՄՆ-ում ուղևորատար ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի բախումից հետո Պոտոմակ գետից դուրս է բերվել 30 մարդու մարմին։ Այս մասին հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով փրկարարական աշխատանքներում ներգրավված երկու աղբյուրի։
Նշվում է, որ տարբեր վարչությունների աշխատակիցներ, որոնք ներգրավված են որոնողական գործողություններում, շարունակում են աշխատանքը դժվարին պայմաններում։
NBC News-ը նաև նշում է, որ ինքնաթիռում եղել են ամերիկացի գեղասահորդներ։ Նրանց թվում էին նաև երկու ռուս գեղասահքի աշխարհի չեմպիոններ Եվգենյա Շիշկովան և Վադիմ Նաումովը։
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնից ոչ հեռու American Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը և ԱՄՆ զինված ուժերի Black Hawk ուղղաթիռը գիշերը բախվել են օդում։
Բախումը տեղի է ունեցել, երբ Կանզասի Վիչիտա քաղաքից Վաշինգտոն (Կոլումբիայի շրջան) չվերթ իրականացնող ինքնաթիռն արդեն պատրաստվում էր վայրէջքի Ռեյգանի անվան Վաշինգտոնի ազգային օդանավակայանում։
Ուղևորատար ինքնաթիռում գտնվում էր 64 մարդ՝ 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ։ Իսկ Վիրջինիայի Ֆորտ Բելվուար ռազմակայանից ուսումնական թռիչքի դուրս եկած ռազմական ուղղաթիռում գտնվում էր 3 զինվոր։