Չե՛նք հերքելու մեր գրածը. «Ժողովուրդը»՝ Ալեն Սիմոնյանին

Հակառուսական իր հայտարարությունների համար ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լուրջ փաստի առաջ է կանգնել. նա չգիտի՝ ինչպես արդարանա հյուսիսային իր գործընկերների առջև, որպեսզի հավատան, որ չի արել ռուսատյաց հայտարարություններ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

«ԱԺ-ից մեզ լուրեր փոխանցեցին, որ ՌԴ-ից պահանջել են ԱԺ նախագահից կա՛մ հերքել ու դատի տալ լրատվամիջոցին, կա՛մ խոստովանել, որ ասել է այդ խոսքերը: Ալեն Սիմոնյանն էլ որոշել է հետ կանգնել իր խոսքերից»,-նշում է պարբերականը:

Ավելի վաղ «Ժողովուրդը» գրել էր, որ խորհրդարանի խոսնակը բալթյան-սկանդինավյան երկրների խոհրդարանների բարձրաստիճան պատվիրակությունների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Պետք է ՌԴ-ն ջախջախվի, պարտվի, վերանա, որպեսզի մեր և ձեր երկրների համար լավ լինի: Ռուսաստանի կործանումը մեզ համար շատ լավ հեռանկարներ կբացի»:

Դրան հետևեց Ալեն Սիմոնյանի գրառումն այն մասին, որ պահանջում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակել հերքում և հեռացնել նյութը, այլապես հայց կներկայացնի դատարան։

«Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, չի պատրաստվում հերքում տեղադրել կամ հեռացնել հրապարակումը, ու դիմել է Ազգային ժողով, որպեսզի ԱԺ-ն տրամադրի այդ օրվա հանդիպման չմոնտաժված ձայնագրությունը, քանի որ խորհրդարանի նախագահն իր հայտարարության մեջ գրել է, որ տեսաձայնագրություն կա:

Նշենք, որ Ալեն Սիմոնյանը նախատեսում է դատի տալ ևս մեկ պարբերականի ՝ MediaHub-ին: Լրագրող Վահե Մակարյանը գրելէ, որ պատրաստ է դատարանում հանդիպել Սիմոնյանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս