
ԱՄՆ-ում ուղևորատար ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի բախումից հետո գետից դուրս է բերվել 18 մարդու մարմին

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնից ոչ հեռու American Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի և ԱՄՆ զինված ուժերի Black Hawk ուղղաթիռի՝ օդում բախվելուց հետո Պոտոմակ գետից դուրս է բերվել 18 մարդու մարմին։ Այս մասին հաղորդում է CBS News-ը՝ վկայակոչելով դեպքի վայրում աշխատող ոստիկաններից մեկին։
Կոլումբիայի շրջանի հրշեջ ծառայության ղեկավարը լրագրողներին հայտնել է, որ որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը բավական բարդ է ցրտի և քամու պատճառով։
Դեպքի վայրում աշխատում է 300 փրկարար։ Բախումը տեղի է ունեցել, երբ Կանզասի Վիչիտա քաղաքից Վաշինգտոն (Կոլումբիայի շրջան) չվերթ իրականացնող ինքնաթիռն արդեն պատրաստվում էր վայրէջքի Ռեյգանի անվան Վաշինգտոնի ազգային օդանավակայանում։
Ուղևորատար ինքնաթիռում գտնվում էր 64 մարդ՝ 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ։
Իսկ Վիրջինիայի Ֆորտ Բելվուար ռազմակայանից ուսումնական թռիչքի դուրս եկած ռազմական ուղղաթիռում գտնվում էր 3 զինվոր։