Պատրաստ ենք ռեգիոնալ խաղաղության համար ներդնել մեր լավագույնը. Խաղաղության պայմանագիրը պետք է երկուստեք նպատակահարման լինի. Բոճորիշվիլին՝ Երևանում
Վրաստանը ցանկություն ունի միջնորդի դերում հանդես գալու տարածաշրջանում կայունությունը և խաղաղությունը ամրապնդելու համար։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին։
«Տարածաշրջանում կայունությունը և խաղաղությունը ամրապնդելու համար Վրաստանը ցանկություն ունի միջնորդի դերում հանդես գալու։ Մենք կարտահայտենք մեր պատրաստակամությունը` դյուրացնելու այս խաղաղության գործընթացը, որ ընթանում է մեր հարևան երկրների միջև։ Վրաստանը նվիրված է կայուն խաղաղություն տեսնելու ցանկությանը»,- նշեց Բոճորիշվիլին։
Նա հույս հայտնեց, որ խաղաղության պայմանագիրը (հայ-ադրբեջանական-խմբ.) այնպիսի դրույթներով կամփոփվի, որ երկուստեք ընդունելի կլինի։ Ըստ վրաց դիվանագետի` միայն դա կարող է հիմք հանդիսանալ տարածաշրջանում կայունության համար։ Բոճորիշվիլին ընդգծեց նաև, որ Վրաստանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ։
«Հայաստանն ու Վրաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, այդպես կանեն նաև ապագայում։ Մենք պատրաստ ենք ավելի ինտենսիվացնել մեր ջանքերը` այս տարածաշրջանում երկկողմ ընդունելի նախագծեր հաստատելու համար»,- ասաց Վրաստանի ԱԳ նախարարը։
ՀՀ արտգործնախարարն էլ իր հերթին ընդգծեց, որ Հայաստանը ցանկանում է ոչ միայն հայ–ադրբեջանական, այլ նաև հայ-վրացական սահմանի սահմանազատում իրականացնել։
Մակա Բոճորիշվիլին իր ելույթի ժամանակ նաև Արարատ Միրզոյանին հրավիրեց Վրաստան։ Միրզոյանն էլ ընդունեց հրավերը և ասաց, որ սիրով կայցելի Վրաստան։
Հիշեցնենք, որ Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին պաշտոնական այցով հունվարի 30-ին է ժամանել Երևան: Օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:
Մինչ ասուլիսը` հայ և վրաց արտգործնախարարներն առանձնազրույց են ունեցել։