Բաժիններ՝

ԵՄ երկրների արտգործնախարարները պայմանավորվել են երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարներին հաջողվել է պայմանավորվել հակառուսական պատժամիջոցների երկարաձգման շուրջ։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։

«Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները հենց նոր համաձայնության եկան Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կրկին երկարաձգելու շուրջ:

Այս քայլը կշարունակի Մոսկվային զրկել իր պատերազմը ֆինանսավորելու եկամուտներից: Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած վնասի համար», – գրել է նա։

Հունվարի 27-ին Բրյուսելում կայացել է ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստը։ Նախարարների քննարկման թեմաներից մեկը եղել է Ռուսաստանի վրա ճնշումների ավելացումը, այդ թվում՝ պատժամիջոցների միջոցով։

Նախարարները, մասնավորապես, քննարկել են հակառուսական պատժամիջոցների երկարաձգումը. դրանց ժամկետը լրանում է հունվարի 31-ին։

Սահմանափակումների երկարաձգման համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր երկրների համաձայնությունը։ Սակայն Հունգարիան ավելի վաղ սպառնացել էր վետո դնել պատժամիջոցների երկարաձգման վրա։

Հունվարի 27-ի առավոտյան, ըստ «Ինտերֆաքս» գործակալության, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ասել էր, որ Բուդապեշտը որոշում կկայացնի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների երկարաձգման վերաբերյալ՝ կախված նրանից, թե արդյոք ԵՄ-ն համաձայն է երաշխավորել Հունգարիայի էներգետիկ անվտանգությունը։ Այնուհետև նա հայտնել էր, որ ԵՄ-ն բավարարել է Հունգարիայի խնդրանքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս