
Եղիշե Մելիքյանը մնում է «Փյունիկ»-ում

Երևանի «Փյունիկ»-ի ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը կշարունակի աշխատանքը թիմի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը երկարաձգել են գործող պայմանագիրը մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը:
Եղիշե Մելիքյանի հետ միասին երկարաձգվել են ամբողջ մարզչական շտաբի հետ գործող պայմանագրերը: Մելիքյանը գլխավորում է երևանյան թիմը 2021 թվականի հունվարից:
Այս ընթացքում 45-ամյա մասնագետն ակումբին առաջնորդել է երկու չեմպիոնությունների առաջնությունում, հանդես եկել եվրագավաթային մրցաշարի խմբային փուլում ու տոնել հայկական ակումբային ֆուտբոլի առաջին հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայի վերոնշյալ փուլում:
Մելիքյանի գլխավորությամբ «Փյունիկ»-ը հայկական ակումբների շրջանում գրանցել է ևս մեկ բացառիկ ցուցանիշ՝ հասնելով Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլ: