Բաժիններ՝

Նախատեսվում է իրական մրգային օղի արտադրողներին տրամադրել սուբսիդավորում ակցիզի չափով․ ՄՊՀ նախագահ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն ամփոփիչ ասուլիսի ընթացքում անդրադարձավ մրգային օղու շուկայի ներկայիս իրավիճակին և դրա կարգավորման անհրաժեշտությանը։

Գևորգյանը նշեց, որ մրգային օղու շուկան բախվել է մի շարք խնդիրների, այդ թվում՝ կեղծ արտադրանքի ներխուժման հետ։ 

«Մրգային օղիների արտադրության ոլորտում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հաճախակի օգտագործվում են ցորենի կամ այլ սպիրտներ՝ համահոտային հավելումներով, ինչը խնդիրներ է առաջացնում ինչպես բիզնեսի, այնպես էլ սպառողների մոտ»,- ասաց Գևորգյանը։

Ներկայացնելով լուծման նոր տարբերակ՝ Գևորգյանը նշեց, որ նախատեսվում է իրական մրգային օղի արտադրողներին տրամադրել սուբսիդավորում ակցիզի չափով։ 

«Բոլոր այն ընկերությունները, որոնք կպնդեն, որ իրենք արտադրում են մրգային օղի և կհամապատասխանեն որակի ստանդարտներին, կստանան այդ ակցիզի չափով սուբսիդավորում պետության կողմից։ Սրանով իրական մրգային օղի արտադրողի համար ակցիզը դարձնում ենք մատչելի, բայց միևնույն ժամանակ կանխում ենք կեղծարարությունը, օրինակ՝ համ ու հոտ տված ցորենի օղին մրգային օղու տակ ծախելու մոտիվացիան վերացնում ենք»,- ասաց նա։

Գևորգյանը հուսով է, որ առաջիկայում այս առաջարկը կդառնա լայն քննարկման առարկա և կընդունվի՝ նպաստելով ինչպես բիզնեսի զարգացմանը, այնպես էլ սպառողների իրավունքների պաշտպանությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս