Բաժիններ՝

Լիբանանցի զինվորականները 18 ավան են զբաղեցրել երկրի հարավում՝ իսրայելական զորքերի հեռանալուց հետո

Լիբանանի բանակի ստորաբաժանումները Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի խաղաղապահների հետ մեկտեղ իրականացրել են լայնածավալ գործողություն, որի ընթացքում պահակակետեր են տեղակայվել Իսրայելին սահմանակից 18 բնակավայրերում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով բանակի մամուլի ծառայության հաղորդագրությունը։

«Լիբանանցի զինծառայողները մտել են այդ ավանները, որպեսզի  արգելեն հրադադարի ռեժիմի անընդհատ խախտումներն իսրայելցի հակառակորդի կողմից, որը հրաժարվում է կատարել իր պարտավորությունները և զորքերը դուրս բերել օկուպացված լիբանանյան տարածքներից», – նշված է տեքստում։

Հաղորդագրության մեջ նշված է, որ լիբանանյան բանակը հոգ կտանի խաղաղ քաղաքացիների համար, որոնք հունվարի 26-ին վերադարձել են հարավային շրջաններ։ 

«Ընդ որում, մենք բնակիչներին հորդորում ենք լինել զգոն և հետևել զինվորական ​​հրամանատարության ցուցումներին՝ մինչև ականազերծման գործողության ավարտը մի շարք բնակելի թաղամասերում», – ընդգծված է հաղորդագրության մեջ։

Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հունվարի 26-ին Լիբանանի հարավի ուղղությամբ իսրայելական զորքերի դիպուկահարների կրակոցների զոհերի թիվը 15-ից հասել է 22-ի, իսկ վիրավորների թիվը՝ 83-ից 124-ի։

Զոհերի թվում կա 12 կին: Ինչպես նշվում է գերատեսչության հայտարարության մեջ, «կրակ է բացվել անզեն մարդկանց վրա, որոնք փորձում էին վերադառնալ իրենց տները՝ 60-օրյա հրադադարի պայմանագրի ժամկետը լրանալուց հետո»։Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ զինվորականները բացել են «նախազգուշական կրակ  սպառնալիքների վերացման նպատակով Լիբանանի հարավի մի շարք շրջաններում, որտեղ հայտնաբերվել են զորքերին մոտեցող կասկածելի անձինք»: Բանակը հայտարարել է զինվորական ​​դիրքերի մոտ գտնվող մի քանի անձանց ձերբակալման  մասին:

Սպիտակ տունն ավելի վաղ հայտնել է, որ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը երկարաձգվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս