Հունգարիան արգելափակել է Բելառուսի նախագահական ընտրությունները չճանաչելու վերաբերյալ ԵՄ հայտարարությունը
Հունգարիայի ներկայացուցիչներն արգելափակել են Եվրամիության երկրների համատեղ հայտարարությունը Բելառուսի նախագահական ընտրությունները չճանաչելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական ծառայությունը՝ վկայակոչելով Բրյուսելում իր աղբյուրներին։
Չունենալով ԵՄ բոլոր 27 երկրների ներկայացուցիչների ստորագրությունները՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հանդես է եկել սեփական հայտարարությամբ՝ ասելով, որ հունվարի 26-ի քվեարկությունն ազատ ու արդար չէր։ Նա նաև Բելառուսի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։
Կալասը հավելել է, որ ԵԱՀԿ անկախ դիտորդներին ընտրություններից ընդամենը 10 օր առաջ հրավիրելու՝ Բելառուսի իշխանությունների որոշումը թույլ չի տվել, որ նրանք հասանելիություն ունենան ընտրական գործընթացի հիմնական փուլերին:
«Սա հերթական վկայությունն է այս ընտրությունների նկատմամբ վստահության իսպառ բացակայության մասին», – հայտարարել է նա։
Կալասը հավելել է, որ նշված պատճառներով, ինչպես նաև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ծավալած պատերազմին «Բելառուսի վարչակարգի ներգրավվածության և իր հարևանների վրա հիբրիդային հարձակումների պատճառով՝ ԵՄ-ն կշարունակի սահմանափակումներ և պատժամիջոցներ սահմանել վարչակարգի դեմ, սակայն միևնույն ժամանակ ֆինանսական աջակցություն կտրամադրի քաղաքացիական հասարակությանը, աքսորում գտնվող բելառուսական ժողովրդավարական ուժերին և բելառուսական մշակույթին»։
«Ազատություն» ռադիոկայանի եվրոպական ծառայությունը հիշեցնում է, որ Հունգարիան հունվարի 23-ին Սլովակիայի հետ միասին հրաժարվել էր ստորագրել ԵՄ երկրների հայտարարության նախագիծը՝ կապված Բելառուսում «ոչ ժողովրդավարական նախագահական ընտրությունների հետ»։ Տեքստում նշվում էր, որ Բելառուսում տեղի են ունեցել «աննախադեպ բռնաճնշումներ», ինչպես նաև մարդու իրավունքների խախտումներ, ընդդիմության և անկախ ԶԼՄ-ների նկատմամբ սահմանափակումներ։ Ավելի ուշ Սլովակիայի ներկայացուցիչները համաձայնել են ստորագրել հայտարարությունը, սակայն Հունգարիայի իշխանությունները չեն փոխեն այն չստորագրելու իրենց որոշումը։
Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթել է ընտրություններում՝ հավաքելով ձայների 86,82%-ը։