Բալթիկ ծովում վնասվել է Շվեդիայի և Լատվիայի միջև կապի մալուխը
Բալթիկ ծովում վնասվել է Շվեդիայի և Լատվիայի միջև հեռահաղորդակցության մալուխը: Այս մասին հաղորդում է լատվիական հանրային LSM հեռուստառադիոընկերությունը:
Ըստ հրապարակման՝ տեղի է ունեցել Վենտսպիլսի և Գոտլանդի միջև տվյալների փոխանակման ծառայությունների խափանում:
Մալուխը կառավարող օպերատոր ընկերությունը կարծում է, որ վնասվածքը կարող է պայմանավորված լինել արտաքին ազդեցությամբ:
Նշվում է, որ տվյալների փոխանցումն այժմ կարող է սովորականից ավելի դանդաղ տեղի ունենալ, սակայն մալուխի վնասումը չպետք է մեծ անհարմարություններ պատճառի սպառողներին։
Վնասված մալուխը գտնվում է ծովի հատակում՝ ավելի քան 50 մետր խորության վրա։ Վնասվածքի բնույթը հայտնի կդառնա միայն վերանորոգման աշխատանքներն սկսելուց հետո։
Մեկ այլ հրապարակման մեջ LSM-ը նշում է, որ Շվեդիան կալանել է «Վեժեն» նավը, որը կասկածվում է Լատվիայի պետական հեռուստառադիոկենտրոնին պատկանող մալուխը վնասելու մեջ։
«Վեժեն»-ը նավարկում էր Մալթայի դրոշի ներքո և Շվեդիայից ուղևորվում էր դեպի Դանիա։
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հայտարարել է, որ երկիրը կապի մեջ է գտնվում Լատվիայի ռազմածովային ուժերի և ՆԱՏՕ-ի հետ։