Թրամփն ԱՄՆ ՄԶԳ-ի աշխատակիցներին սպառնացել է «կարգապահական տույժով»՝ արտաքին օգնության սառեցումն անտեսելու դեպքում
ԱՄՆ նախագահի վարչակազմն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը (ԱՄՆ ՄԶԳ, USAID) կոչ է արել միանալ Վաշինգտոնի ջանքերին՝ փոխակերպելու աշխարհում ամերիկյան օգնության հատկացումը՝ համաձայն Դոնալդ Թրամփի՝ «Ամերիկան առաջնահերթ է» քաղաքականության։ Վարչակազմի հրահանգներն անտեսող աշխատակիցներին սպառնացել են «կարգապահական տույժով»։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ հունվարի 25-ին ԱՄՆ ՄԶԳ-ի 10 000-ից ավելի աշխատակիցներին ուղարկված հուշագրում հետագա հրահանգներ են տրվել այն բանից հետո, երբ հունվարի 24-ին սառեցվել է ԱՄՆ արտաքին օգնությունն ամբողջ աշխարհում։
Ըստ Reuters-ի տրամադրության տակ հայտնված հուշագրի՝արտաքին օգնության ծախսերի դադարեցումը նշանակում է «լիակատար կասեցում»։
Միակ բացառությունները վերաբերում են շտապ հումանիտար պարենային օգնությանը և պետական պաշտոնյաների՝ իրենց հիմնական աշխատավայրեր վերադառնալու ծախսերին։Հունվարի 20-ին նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Թրամփը հրահանգել էր 90 օրով դադարեցնել արտաքին օգնությունը՝ ստուգելու՝ արդյոք այն համապատասխանում է իր արտաքին քաղաքականության առաջնահերթություններին։ Հունվարի 24-ին ԱՄՆ պետքարտուղարությունն աշխատանքը դադարեցնելու հրաման էր տվել ԱՄՆ ՄԶԳ-ին նույնիսկ արդեն գոյություն ունեցող և հատկացված օգնության համար։
Reuters-ը հիշեցնում է, որ ԱՄՆ-ն աշխարհում օգնություն մատակարարող ամենախոշոր դոնորն է։ 2023 ֆինանսական տարում Վաշինգտոնը 72 միլիոն օգնություն է հատկացրել ամբողջ աշխարհում։ 2024 թվականին ՄԱԿ-ի շրջանակներում հատկացված ամբողջ հումանիտար օգնության 42 %-ը բաժին է ընկնել ԱՄՆ-ին։