«Արարատի» դիսկուրսի ներքո չենք կարող ժամանակակից զենքեր գնել, մեզ զենք չեն վաճառի, կամ կտան օգտագործված, ժամկետն անցած զենքեր. Փաշինյան
«Հենց թեկուզ բանակի բարեփոխումների համար շատ էական է Արարատի և Արագածի դիսկուրսը, որովհետև եթե մենք բանակը բարեփոխում ենք Արարատի և պատմական Հայաստանի խոսույթի ներքո, մեզ ոչ միայն ոչ ոք զենք չի վաճառի, ռազմական համագործակցություն չի հաստատի, այլև մենք ինքներս մեզ, այդ թվում՝ միջազգային հանրության տեսակետից, կդարձնենք թիրախ»։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Ուրիշ բան է, որ ասում ես բանակը բարեփոխում եմ, որովհետև Արարատը իմն է, պիտի գնամ, հետ բերեմ, այլ բան է՝ երբ ասում ես՝ բանակը բարեփոխում եմ, որովհետև Արագածը իմ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքն է, և ես իրավունք ունեմ ունենալ մարտունակ բանակ իմ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը, իմ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, ավելին՝ միջազգային օրենքներով ցանկացած պետություն պարտավոր է միջոցներ ձեռնարկել իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար»,–հավելեց նա։
Փաշինյանը շեշտեց, որ Արարատի դիսկուրսի ներքո մենք չենք կարող ժամանակակից զենքեր գնել, մեզ կտան գրեթե ժամկետանց, օգտագործված զենքեր, մի մասը կնվիրեն, մի մասը կվաճառեն, քանի որ մեկ է՝ «դեն էին գցելու», ինչն էլ, նրա խոսքով, տարիներ շարունակ տեղի է ունեցել, և այս խոսույթի ներքո մենք ամեն օր կկորցնենք մեր անկախությունը՝ առանց դա նկատելու, հայրենասիրական մղումներով։
«Եթե մեր խոսույթն էն լինի, որ Արարատի նկարով գնանք, ասենք՝ զենք տվեք, ոչ ոք չի տալու, որովհետև ոչ մեկը չի ուզում առավել ևս մեր պատճառով Թուրքիայի հետ կոնֆլիկտի մեջ մտնել»,- նշեց նա։