Հունգարիան և Թուրքիան վրդովեցուցիչ են համարում «Թուրքական հոսք» գազատարի վրա հարձակումը
Հունգարիան և Թուրքիան վրդովեցուցիչ են համարում Ուկրաինայի ռազմական հարձակումը «Թուրքական հոսք» գազատարի վրա և Եվրամիության ղեկավարությանը կոչ են անում միջոցներ ձեռնարկել դեպի Եվրոպա վառելիքի մատակարարման այս երթուղին պաշտպանելու համար:
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ հեռախոսազրույցից հետո «Ֆեյսբուք»-ում համապատասխան գրառում է կատարել Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն:Նա ընդգծել է՝ թուրք նախարարը համաձայնել է, որ «Թուրքական հոսք»-ի վրա հարձակումները վրդովեցուցիչ և անընդունելի են։
Անդրադառնալով ՌԴ Կրասնոդարի երկրամասում գտնվող և նշված գազատարին վառելիք մատակարարող մղիչ կայանին Ուկրաինայի զինված ուժերի վերջերս հասցրած հարվածներին՝ Սիյարտոն պնդել է, որ «Թուրքական հոսք»-ը պետք է պաշտպանված լինի բոլոր հասանելի միջոցներով:
«Անընդունելի է նաև, որ Եվրամիությունն ու միջազգային այլ կազմակերպություններն անտեսեն մեր երկրի և Կենտրոնական Եվրոպայի այլ պետությունների էներգետիկ անվտանգությանը սպառնացող հարձակումները: Եվրամիությունը պետք է երաշխավորի, որ որևէ արտաքին խաղացող չի կարող խախտել մեր երկրի և տարածաշրջանի պետությունների էներգետիկ անվտանգությունը»,- նշել է Պետեր Սիյարտոն:
Հունվարի 13-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Կիևը 9-ը անօդաչու թռչող սարքերով գրոհել է «Ռուսկայա» մղիչ կայանը, որն ապահովում է «Թուրքական հոսք»-ով վառելիքի մատակարարումը:
«Գազպրոմի» հետ երկարաժամկետ պայմանագրերի համաձայն՝ Հունգարիան շարունակում է գազի հիմնական մասը ստանալ «Թուրքական հոսք» խողովակաշարով և Բուլղարիայի և Սերբիայի տարածքով անցնող գազատարերով:
Հունգարական կողմի տվյալներով՝ 2024 թվականին երկիրն այդ ճանապարհով ստացել է ռեկորդային ծավալի՝ 7.6 մլրդ խորանարդ մետր գազ: